Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, շատ տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու մասին խոսեց հենց Կարեն Կարապետյանը:

«Որովհետև մենք արդեն խոսել էինք, մեր կարծիքը անձնական տարբեր հարցազրույցների միջոցով ասել էինք: Եվ շատ կարևոր էր, որ նաև իր կարծիքը արտահայտի պարոն Կարապետյանը, որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Եվ նա իր կարծիքն արտահայտեց կուսակցության նախագահի և առաջին տեղակալի հանդիպումից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես առաջին դեմք ներկայացնելու որոշման մասին վարչապետի պաշտոնակատարը շտապեց հայտարարել նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց ընդամենը ժամեր անց: Կարապետյանը պարզաբանել էր, որ այդ որոշումը կայացրել են ինքն ու արդեն նախկին նախագահը շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ՝ քննարկելով վարչապետի թեկնածության հարցը:

Կարեն Կարապետյանը Հովիկ Աբրահամյանին փոխարինեց 2016-ի սեպտեմբերին՝ տարիուկեսում մի քանի անգամ հասցրեց հայտարարել, թե 2018-ի ապրիլից հետո էլ պատրաստ է լինել վարչապետ: Սակայն երեկ, մի կողմ դնելով իր պատրաստակամությունը, բարձրաձայնեց լրիվ այլ սցենար․ - «Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության քննարկման ժամանակ՝ 2016-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Կարապետյանը կկարողանա դառնալ «փոփոխությունների յուրօրինակ սիմվոլ»:

Այս խոսքերից մի քանի ամիս անց, ընդգրկված չլինելով իշխող կուսակցության ընտրական ցուցակում, հենց Կարապետյանն առաջնորդեց Հանրապետականի նախընտրական քարոզարշավը:

Անցած տարի Կարապետյանի կառավարությանը հաջողվեց գրանցել վերջին տասնամյակում ամենաբարձր՝ 7.5 տոկոսանոց տնտեսական աճ:

«Չնսեմացնելով հարգարժան պարոն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները արդար չէ: Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը խաբել է ժողովրդին․ - «Կարեն Կարապետյանը հրավիրվեց, մասնացեց քարոզարշավին բավական հաջող ձևով, և ենթադրվում էր, որ ինքը կկարողանա շարունակել այն գործը, որ ինքը անում է: Ես համարում եմ, որ սա նվաստեցում է, որ խաբեություն է հայ ժողովրդին: Նաև իր կողմից, որովհետև վերջին հաշվով ինքն է, որ ղեկավարեց այդ շարժումը հայ նախարարների: Պարոն Սերժ Սարգսյանը խորհրդարանի թեկնածու չէր: Եվ հիմա արդեն այս նախաշեմին կարող ենք մտավախել, որ այստեղ գնում է մի կուսակցության և մի հոգու իշխանության հավերժացման խնդիր, որը արտացոլվում է թե՛ լիազորությունների ավելացմամբ վարչապետի պահով, թե՛ սեփականության, ունեցվածքի ավելացմամբ․․․» - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը զարմացած չէ Կարապետյանի հայտարարությունից: Հանրապետական կուսակցություն որպես այդպիսին, կարծում է Փոշինյանը, գոյություն չունի, կա Սերժ Սարգսյան և նրանց սպասարկող մարդկանց խումբ․ - «Կարեն Կարապետյանը, որը 2016 թվականին նշանակվեց վարչապետ որոշակի ամբիցիոզ կեցվածքով, այս երկու տարիների ընթացքում հանդարտ տեղավորվել է Սերժ Սարգսյանի սպասարկուի կարգավիճակում»:

Շարմազանովի փոխանցմամբ՝ վարչապետի թեկնածության հարցը իշխող Հանրապետականը կսկսի քննարկել վաղվանից: Մինչև թեկնածության պաշտոնական առաջադրումը կհրավիրեն նաև ՀՀԿ-ի խորհուրդի նիստ՝ ամենայն հավանականությամբ շաբաթվա վերջին։

Վարչապետի թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Շարմազանովը հավանական համարեց, որ Կարապետյանը նոր ձևավորվելիք Կառավարությունում կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը․ - «Մինչեւ ապրիլի 9-ը Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, պետության քաղաքական համակարգի առաջին դեմքը չէր, պետության լիդերը չէր, ուստի բոլոր այն հեքիաթները, որ մենք Կարեն Կարապետյանին գցում ենք, կամ Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափակում ենք, հեքիաթների և ուտոպիայի ժանրից է: Կարեն Կարապետյանը շարունակելու է իր լուրջ դերակատարումը ունենալ կառավարման համակարգում, պարզապես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ կառավարման համակարգի առաջամարտիկը և լոկոմոտիվը և ղեկավարը լինելու է իշխող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանը»:

Չնայած Սերժ Սարգսյանը երեկվանից այլևս Հայաստանի նախագահը չէ, բայց Էդուարդ Շարմազանովի գլխավերևում դեռ կախված է նրա լուսանկարը։

«Իմ կուսակցության առաջնորդի լուսանկարն է, որի զինվորն եմ ես», - Ազգային ժողովի փոխնախագահն այսպես բացատրեց իր որոշումը․ - «Օրենքը չի պարտադրում, որպեսզի ես հանեմ նկարը: Իսկ եթե օրենքը չի պարտադրում, ուրեմն այս նկարը կլինի իմ աշխատասենյակում այնքան ժամանակ, ինչքան ձեր խոնարհ ծառան կաշխատի այս աշխատասենյակում: Եթե տեղափոխվեմ մի օր այլ աշխատասենյակ, այդ նկարը իմ հետ կտանեմ այդ աշխատասենյակ»:

Հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանի նկարը հայտնվելու է Սերժ Սարգսյանի նկարի կողքին, Շարմազանովն արձագանքեց․ - «Եթե օրենքը պարտադրի՝ այո, եթե օրենքը չպարտադրի՝ կտեսնենք»:

XS
SM
MD
LG