Մատչելիության հղումներ

Գործող կառավարության աշխատանքի ողջ իմաստը եղել է բիզնես շահերի սպասարկումը․ Տնտեսագետ


Վահագն Խաչատրյան, արխիվ

Հայաստանի 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն իր գործունեության շուրջ մեկուկես տարվա ընթացքում, չնայած պաշտոնապես աճող տնտեսությանը, չի կարողացել զգալիորեն բարելավել քաղաքացիների կյանքը: Ամփոփելով երեկ հրաժարական ներկայացրած գործադիրի աշխատանքը, նման պնդում են անում որոշ տնտեսագետներ:

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունում որոշ շրջան աշխատելուց հետո 2016-ի սեպտեմբերին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Կարեն Կարապետյանի կառավարության հիմնական խնդիրը որոշ բիզնեսների վերաբաշխումն էր, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Գործող կառավարության աշխատանքի ամբողջ իմաստը եղել է բիզնես շահերի սպասարկումը, մի շարք ոլորտներում որոշ բիզնես-շրջանակների հնարավորություն տալը, որ, օգտվելով իշխանության հնարավորություններից, տեղավորվեն ու ընդլայնվեն: Դա հաջողությամբ իրականացվել է, ինչն արվել է ընդհանրապես ի վնաս Հայաստանի տնտեսության, որովհետև մրցակցային պայմաններ են խախտվել, և կա հովանավորչություն»,- «Ազատությանն» ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «փոփոխությունների սիմվոլ» հռչակված Կարապետյանը շուրջ մեկուկես տարի առաջ ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ տնտեսության վիճակը բավականին խիստ էր գնահատել: «Սպասելիքներ, որ մեր տնտեսությունը շատ արագ կփոխենք, ուզում եմ բոլորին հայտարարեմ, որ նման սպասելիքներ չեն լինելու: Բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեությունը որ ուղղությամբ է զարգանալու: Մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 2016-ին գրանցվել էր ՀՆԱ-ի ընդամենը 0,2 տոկոս աճ: Մինչդեռ՝ Կարապետյանի գլխավորած կառավարությունը նախորդ տարի, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, ապահովել է 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքում արձանագրված ամենաբարձր արդյունքն է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսական բարձր ցուցանիշները սովորաբար հայտարարվում են նախընտրական փուլերում, իսկ նշված 7,5 տոկոսի աճն էլ, ըստ փորձագետի՝ ապահովվել է որոշ ոլորտներում, օրինակ գյուղատնտեսությունում, «թվեր նկարելու» շնորհիվ:

«Իրականում եթե մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, թեև ասում են, որ դա երկարաժամկետ կտրվածքով պետք է ազդեցություն ունենա, բայց ես համարում եմ, որ կարճաժամկետում էլ մեր քաղաքացիները պետք է ազդեցությունը զգային, կյանքի որակի փոփոխության առումով, ինչը չկա, որովհետև դրա արդյունքում ոչ կենսաթոշակ ավելացավ, ոչ նպաստներ, աղքատությունը չնվազեց, արտագաղթն էլ շարունակվել է և ամենակաևորը՝ փոքր ու միջին բիզնեսի ակտվություն ես չեմ տեսել»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը, մինչդեռ, կարծում է, որ Կարապետյանի կառավարությունը հիմնականում կատարել է տված խոստումները, քանի որ առանձնապես շռայլ խոստումներ չէր էլ տվել: «Կառավարությունն իր նպատակների իրականացման համար որպես ժամանակահատված ֆիքսել է 2022 թվականը: Եթե 2022-ին այդ ցուցանիշները չբավարարվեն, այդ ժամանակ կարելի է ասել՝ ձախողվեցին: Բայց այս պահի դրությամբ իրենք հստակ չափելի ցուցանիշներ չէին խոստացել»,- նկատում է Բաբկեն Թունյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Կարապետյանի վարչապետության ընթացքում, 2017 թվականին, Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 13 հազարով, ավելի շատ, քան նախորդ տարի: Խորհրդարանական ընտրությունների շրջանում Հանրապետականի քարոզարշավը գլխավորող Կարեն Կարապետյանը 2017-ի համար կանխատեսում էր 830 միլիոն դոլարի ներդրում։ Կառավարությունը հայտարարել է 2017-ին ընդհանուր առմամբ 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին:

Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարի, 2016 թվականի համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 27,3 տոկոսով՝ կազմելով ընդամենը 245,7 միլիոն դոլար: Սա երկրորդ վատագույն ցուցանիշն է 2008 թվականից ի վեր: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կառավարության ներդրումների հաշվարկի մեթոդն անլուրջ է որակում: «Եթե այդ սկզբունքից ելնենք, ինչով առաջնորդվում է կառավարությունը, ուղղակի պետք է ամբողջ պետական բյուջեն համարել ներդրում, որովհետև պետբյուջեի բոլոր ծախսերը, ըստ էության, ներդրումներ են: Այս [խոստացված ներդրումների] բնագավառում իրենք, կարելի է ասել, ուղղակի տապալվել են»,- ընդգծում է Վահագն Խաչատրյանը: Բաբկեն Թունյանն իր հերթն նկատում է՝ ներդրումային գրավչության առումով Հայաստանը զիջում է հարևան երկրներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական պարտքին, ապա միայն անցած տարի այն ավելացել է 832,5 միլիոն դոլարով՝ հասնելով շուրջ 6 միլիարդ 900 միլիոն դոլարի (6 միլիարդ 898 միլիոն դոլար): Ընդ որում՝ Ֆինանսների նախարարը նշել էր, որ ծրագրում են նոր պարտք վերցնել, ինչի արդյունքում այն կանցնի 7 միլիարդի շեմը: Առավել կարևոր է հարցը՝ արդյո՞ք արդյունավետ են ծախսվում պարտք վերցված գումարները, ասում է Վահագն Խաչատրյանն ու շարունակում․ «Միայն վերցրեք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված պետպարտքի ավելացումը և դուք կարող եք արձանագրել, որ արդյունավետության հասնելու խնդիրը չի լուծվել»:

Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով սպասվող հրաժարականի մասին, նախարարներին տեղեկացրել էր, թե դեռ շարունակելու են աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG