Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Ստալինի նկատմամբ համակրանքը տարեցտարի աճում է, Ուկրաինայում՝ հակառակը


Ռուսաստանի կոմունիստները Իոսիֆ Ստալինի մահվան 65-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Մոսկվա, 5-ը մարտի, 2018թ․
Ռուսաստանի կոմունիստները Իոսիֆ Ստալինի մահվան 65-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Մոսկվա, 5-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանցիները տարեցտարի ավելի մեծ համակրանք են տածում Իոսիֆ Ստալինի հանդեպ, իսկ ուկրաինացիների շրջանում հակառակը` Խորհրդային Միության նախկին բռնապետի համակիրների թիվը անշեղորեն նվազում է: Սա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» կենտրոնի և Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն՝ Ստալինին դրական է վերաբերվում հարցված ռուսաստանցիների 40 և ուկրաինացիների միայն 14 տոկոսը:

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի աշխատակիցները հատուկ ընդգծում են, որ վերջին վեց տարիներին Ստալինի ուկրաինացի համակիրների թիվը անընդհատ նվազում էր և այսօր հասել է պատմական մինիմումի: «Լևադա»-ի մասնագետների գնահատմամբ էլ՝ Ռուսաստանում տրամագծորեն հակառակ պատկերն է: 2012 թվականին անցկացված հետազոտության համաձայն, օրինակ, Ստալինի նկատմամբ հիացմունք, հարգանք կամ համակրանք ունեցող ռուսաստանցիների թիվը չէր գերազանցում 28 տոկոսը` ներկայիս 40-ի դիմաց:

Ինչ վերաբերում է Ստալինի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ունեցող ռուսաստանցիներին և ուկրաինացիներին, ապա այստեղ ևս միանգամայն տարբեր պատկեր է ձևավորվել: Ստալինի հանդեպ վախ, զզվանք, ատելություն կամ հակակրանք տածող Ռուսաստանի բնակիչների թիվը վերջին վեց տարիներին կրճատվել է կիսով չափ` 2012-ի 24 տոկոսից հասնելով 12-ի: Ուկրաինացիների շրջանում, հակառակը, հարցվածների հարաբերական մեծամասնությունը` 42 տոկոսը նշել է, որ խորհրդային նախկին ղեկավարի հանդեպ որևէ դրական վերաբերմունք չունի: Դրան էլ գումարած՝ ուկրաինացիների երկու երրորդը նշել է, թե չէր ցանկանա ապրել Ստալինի նման ղեկավարի իշխանության ներքո: Ուկրաինացիների միայն 28 տոկոսն է համաձայն այն պնդմանը, թե «Ստալինը իմաստուն ղեկավար էր»:

«Ռուսաստանցիների շրջանում այս վիճահարույց պնդման կողմնակիցների թիվը հասնում է 57 տոկոսի», - նշում են «Լևադա» կենտրոնի մասնագետները:

Մոսկվացի սոցիոլոգները նաև նշում են, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, թե «չնայած Ստալինի կողմից թույլ տրված կամ նրան վերագրվող սխալներին՝ ամենակարևորն այն հանգամանքն է, որ հենց նրա ղեկավարության ներքո է Խորհրդային Միությունը հաղթել Հայրենական մեծ պատերազմում»: «Այս պնդմանը համաձայն է հարցված ռուսաստանցիների 64 տոկոսը», - նշում են «Լևադա» կենտրոնի մասնագետները:

Վերջում հիշեցնենք, որ ռուսաստանցի պատմաբանների ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհայինի ընթացքում 20 միլիոն զոհ է տվել, իսկ գերմանական Վերմախտի կորուստների թիվը Արևելյան ճակատում 2 միլիոն 700 հազար էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG