Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արժութային շուկայում, ըստ փորձագետների, խուճապ է


Ռուսաստան - Արտարժույթի փոխարժեքները երեկ՝ մոսկովյան փոխանակման կետերից մեկում
Ռուսաստան - Արտարժույթի փոխարժեքները երեկ՝ մոսկովյան փոխանակման կետերից մեկում

Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական արժույթի հետ, փորձագետները որակում են խուճապ, ռուբլին շարունակում է արագ արժեզրկվել` եվրոն արժե արդեն 78 ռուբլուց ավելի, իսկ դոլարը` 63 ռուբլի:

Խուճապը սկսվել է երեկ, երբ հանգստյան օրերից հետո բացվել է մոսկովյան բորսան, և շուրջ 50 ընկերություններ մի օրում կորցրել են 14 միլիարդ դոլարից ավելի գումար, իսկ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված օլիգարխ Օլեգ Դերիպասկան կորցրել է իր հարստության գրեթե կեսը՝ շուրջ 3․5 միլիարդ դոլար, և հայտարարել է, որ իր «Ռուսալ» ընկերությունը կանգնած է տեխնիկական դեֆոլտի առջև։

Հիշեցնենք, անցած ուրբաթ՝ ապրիլի 6-ին, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ: Ուրբաթ օրը հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որևէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։

Չնայած այս սահմանափակումներին՝ Ռուսաստանի տնտեսությունը և ֆինանսական ոլորտը կկարողանան համակերպվել այս նոր իրողությանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, վստահեցնելով, որ կառավարությունը կօգտագործի տարբեր միջոցներ իրավիճակը կարգավորելու համար։

Ռուսաստանի կառավարությունը հայտնում է, որ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար երկրում կստեղծի երկու հատուկ տնտեսական գոտի, այսինքն՝ օֆշորային գոտի, Կալինինգրադի մարզում և Հեռավոր Արևելքում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր խոստովանել է, որ իսկապես կան որոշ բացասական միտումներ բորսայում և տարադրամի շուրջ, սակայն դա բացատրել է նաև էմոցիոնալ գործոնով և հավելել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ կառավարության հետ ու վերահսկում է իրավիճակը:

Պատժամիջոցների հետևանքներն ավելի լուրջ են, քան կարող էր պատկերացնել Ռուսաստանի կառավարությունը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուսլան Գրինբերգը։ Ռուբլին չի կործանվում այս իրավիճակում միայն նավթի գների շնորհիվ։ Այս պահին, իհարկե, խոսքը միայն որոշ ընկերություններին հասցված վնասների մասին է, բայց եթե այսպես շարունակվի, կտուժի ամբողջ տնտեսությունը, ընդգծել է Գրինբերգը:

Տնտեսագետ Կիրիլ Ռոգովի կարծիքով՝ Ռուսաստանը ունի այսօր բավական միջոցներ բնակչության առջև ստանձնած սոցիալական պարտավորությունները կատարելու համար: «Որոշ ֆինանսական միջոցներ դեռ կան, կառավարությունը կկարողանա օգնել ցուցակում հայտնված ընկերություններին առանց բյուջեի, սոցիալական ծախսերի համար նախատեսված բյուջեն չի տուժի ․․․ Բայց ընդհանուր իրավիճակը, իհարկե, մտահոգիչ է, որովհետև իսկապես տուժում են բոլոր ռուսական ընկերությունները, ոչ միայն նրանք, որ հայտնվել են ցուցակում», - «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ասել է փորձագետը:

Ամեն դեպքում, ռուսաստանցի փորձագետները այս խուճապը համեմատում են 2014 թվականի խուճապի հետ, երբ Ղրիմի բռնակցման և նավթի գների անկման հետևանքով ռուսական արժույթը օրեցօր արժեզրկվում էր և շատ կարճ ժամանակում արժեզրկվել էր գրեթե երկու անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG