Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Սուտը և կեղծիքը, ցավոք սրտի, շարունակվում է»


«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը ապրիլի, 2018թ․

Երկուշաբթի օրն արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանգուցալուծեց նոր վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը՝ տալով Սերժ Սարգսյանի անունը, ինչը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում որակեց «հայ ժողովրդի նվաստացում, խաբեություն»:

«Կարեն Կարապետյանը հրավիրվեց, մասնակցեց քարոզարշավին՝ բավական հաջող ձևով, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, թե՛ PR եղանակներով, և ենթադրվում էր, որ ընդդիմադիր՝ կեղծիքի, ստի, իմ և հայ ժողովրդի դիտողությունները մի կողմ, ինքը կկարողանա շարունակել այն գործը, որ ինքը անում էր: Ես համարում եմ, որ սա նվաստեցում է, որ խաբեություն է՝ հայ ժողովրդին, և նաև իր կողմից, որովհետև, վերջին հաշվով, ինքն էր, որ ղեկավարեց այդ շարժումը հայ նախարարների», - ասաց Հովհաննիսյանը:

«Պարոն Սերժ Սարգսյանը խորհրդարանի թեկնածու չէր: Եվ հիմա արդեն՝ այս նախաշեմին, կարող ենք մտավախել, որ այստեղ գնում է մի կուսակցության և մի հոգու իշխանության հավերժացման խնդիր, որը արտացոլվում է թե՛ լիազորությունների ավելացմամբ՝ վարչապետի պահով, թե՛ սեփականության, ունեցվածքի ավելացմամբ՝ տուն է, տեղ է, և այլն, և այլն, և ես միայն կարող եմ ցավել դրա համար», - ընդգծեց Հովհաննիսյանը:

«Ես կարծում եմ, որ այդ սուտը և կեղծիքը, ցավոք սրտի, շարունակվում է: Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանը ամսի 16-ին կամ 17-ին մեզ շատ գեղեցիկ պետականամետ, սթեյթսմընի, պետական գործիչի անակնկալ կմատուցի և կասի, որ «ես չեմ պետությունը, ես կողքն եմ, ես խորհրդական կլինեմ, ես Անվտանգության խորհրդի անդամ կլինեմ», կամ, չգիտեմ, օգնական: Բայց այն, որ այսպես եթե շարունակվի, կարծում եմ, թե մեծագույն սխալ է մեր երկրի համար», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը:

Հիշեցնենք՝ երեկ ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել, ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Ըստ նոր Սահմանադրության՝ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG