Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա 2015-ի միջուկային համաձայնագրից․ Հասան Ռոհանի


ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Դոնալդ Թրամփը կզղջա, եթե դուրս գա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Միացյալ Նահանգների նախագահին զգուշացնելով՝ Թեհրանի պատասխանը երկար սպասեցնել չի տա և կլինի ավելի կոշտ, քան նա ակնկալում է:

Սպիտակ տան ղեկավարը դեռևս նախընտրական շրջանից է հայտարարում, թե 2015 թվականին Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված գործարքը, որով Իրանը համաձայնել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց, բազմաթիվ բացթողումներ ունի ու պետք է վերանայվի: Ամիսներ առաջ էլ Թրամփը վերջնաժամկետ սահմանեց՝ եթե եվրոպացի դաշնակիցներին չհաջողվի մինչև մայիսի 12-ը շտկել համաձայնագրի, իր բնորոշմամբ՝ «սարսափելի թերությունները», Վաշինգտոնը կվերականգնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:

Արձագանքելով ԱՄՆ-ից հնչող այս զգուշացումներին, Իրանի նախագահն այսօր ասել է․ «Միացյալ Նահանգների նոր նախագահը, որը մեծ հավակնություներ ունի և բազմաթիվ վերելքներ ու վայէջքներ իր խոսքերում ու գործերում, արդեն 15 ամիս է՝ փորձում է ձախողել Թեհրանի հետ կնքված համաձայնագրիը, սակայն, այն իր կառուցվաքով այնքան ամուր է, որ տեղի չի տալիս այդ ցնցումներին»:

Նախագահ Ռոհանիի արձագանքը հնչել է այսօր, երբ Իրանում նշում են միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը: Հենց այդ օրվան նվիրված միջոցառումների ժամանակ էլ Իրանի առաջնորդը շեշտել է, որ երկիրը պատրաստ է թափ հաղորդել միջուկային ծրագրին ու հասնել շատ ավելի մեծ առաջընթացի և արդյունքների:

«Իրանն ինքը չի խախտի միջուկային գործարքը, սակայն, եթե Միացյալ Նահանգները դուրս գա այդ համաձայնագրից, անպայման կզղջա: Մենք շատ ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք պատկերացնում են, և եթե խախտեն համաձայնագիրը, մեկ շաբաթ էլ չանցած՝ կտեսնեն դրա արդյունքը»,- այսօր հայտարարել է Հասան Ռոհանին: Իրանի նախագահն ընդգծել է՝ Թեհրանը պատրաստվում է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ վեց գերտերությունների հետ կնքված գործարքի ձախողմանը:

Միաժամանակ, Ռոհանին կրկին պնդել է՝ Թեհրանի հրթիռային ծրագիրը միայն պաշտպանական նպատակներ է հետապնդում: «Մենք կարտադրենք ցանկացած զենք, որն անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար, սակայն, այդ զենքերը չենք գործադրի մեր հարևանների դեմ»,- ասել է Ռոհանին:

Միացյալ Նահանգների հնարավոր պատժամիջոցների ֆոնին Իրանում ազգային արժույթն օրեցօր անկում է արձանագրում՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: Այսօր Թեհրանի բորսայում մեկ դոլարը վաճառվել է 58 հազար ռիալով, այն դեպքում, երբ մոտ կես տարի առաջ, սեպտեմբերին, այդ ցուցանիշը 36 հազար էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG