Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քննարկելու է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հերթական դեպքը


Այսօր երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկը մյուսի ետևից միանգամից երկու նիստ կհրավիրի` մեկը Ռուսաստանի, մյուսը` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և դրանց միացած ևս վեց պետությունների առաջարկով:

Արևմտյան պետությունները Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պատրաստվում են քննարկման դնել Սիրիայում ստեղծված կացությունը: Դիվանագիտական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն ռուսական կողմը Անվտանգության խորհրդի նիստը հրավիրում է նույն նպատակով, սակայն առայժմ, ինչ-ինչ պատճառներով, խուսափում է պաշտոնապես հայտարարել դրա օրակարգի մասին:

Սիրիայում ստեղծված կացությունը կրկին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ տեղեկություններ ստացվեցին Դամասկոսից ոչ հեռու գտնվող և առայժմ զինված ընդդիմության կողմից վերահսկվող Դումա քաղաքում շաբաթ՝ ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման մասին: Վերջին տեղեկությունների համաձայն այդ հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Դումայում իրականացված քիմիական հարձակման մասին տեղեկությունների հաստատումից քիչ անց արդեն Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով շատ կոշտ արձագանքեց տեղի ունեցածին` պնդելով, որ քիմիական հարձակման հեղինակը Սիրիայի կառավարական բանակն է:

«Խելահեղ քիմիական հարձակման հետևանքով բազմաթիվ զոհեր կան՝ այդ թվում կանայք և երեխաներ: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատվություն են կրում անասուն Ասադին աջակցելու համար», - Թվիթերի իր էջում երեկ գրում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության բարձրաստիճան մյուս ներկայացուցիչները ևս պնդում են, որ Բաշար Ասադի վարչակազմն ու դրան միջազգային ասպարեզում աջակցող ուժերը Դումայում իրականացված քիմիական հարձակման համար պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն:

«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի տեղի ունեցածին: Այն ինչ կատարվեց հակասում է միջազգային նորմերին: Նախևառաջ նախագահ Ասադին պետք է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար: Կոնգրեսը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Առանց Իրանի ակտիվ գործողությունների և Ռուսաստանի աջակցության Բաշար Ասադի վարչակազմը պարզապես գոյություն չէր ունենա», - կիրակի երեկոյան CBS հեռուստաընկերության եթերում հայտարարեց Մերիլենդից ընտրված դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:

Մոսկովյան «Կոմերսանտի» տեղեկություններով, ի դեպ, Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների հերթական փաթեթն արդեն իսկ մշակման փուլում է: Թերթի տեղեկություններով այս քայլի նախաձեռնողը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոնն է:

Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է Բաշար Ասադին հավատարիմ ուժերի հնարավոր առնչությունը Դումայում տեղի ունեցած հարձակմանը: Այդ մասին մի քանի ժամ առաջ Տաջիկստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող մեր զինվորականները բազմիցս զգուշացնում էին, որ շատ լուրջ սադրանքի նախապատրաստման նշույլներ են առկա: Այդ մասին խոսում էին նաև սիրիական կառավարության ներկայացուցիչները: Սադրանքի նպատակը պետք է լինեին Դամասկոսին ուղղված հերթական մեղադրանքները, թե [կառավարական ուժերը] խաղաղ բնակչության դեմ թունավոր քիմիական նյութեր են կիրառել», - նշում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG