Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան տարբեր դիրքորոշումներ են հայտնել Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ


Սիրիա – Դուման՝ քիմիական հարձակումից հետո, 7-ը ապրիլի, 2018թ․
Սիրիա – Դուման՝ քիմիական հարձակումից հետո, 7-ը ապրիլի, 2018թ․

Վերջին շրջանում իրենց հարաբերությունների ջերմության և բարեկամության մասին հայտարարող Ռուսաստանը և Թուրքիան տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ են հայտնել Սիրիայում ենթադրաբար քիմական զենքով կատարված հարձակման վերաբերյալ, որի արդյունքում, ըստ ապստամբների և մարդասիրական խմբերի, 40-ից ավելի մարդ է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ, հարյուրավոր մարդիկ օգնության են դիմել քլորով թունավորվելու ախտանիշով:

Անկարան դատապարտել է Դամասկոսին կպած արևելյան Գուտայի շրջանում՝ Դումա ավանի վրա քիմիական զենքի կիրառումը: Այդ ավանը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ։ Կիրակի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ վճռականորեն դատապարտում ենք հարձակումը, լուրջ կասկածներ կան, որ այն կատարել Ասադի ռեժիմը, որի կողմից քիմիական զենք կիրառելու գործողությունների ցանկը հայտնի է միջազգային հանրությանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին լուրերը կեղծ են և այդ շինծու պատրվակով ռազմական ցանկացած գործողություն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

«Նման վտանգավոր սադրանքների մասին մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, այդպիսի կեղծ, հիմնազուրկ շահարկումների նպատակը ահաբեկիչներին պաշտպանելն է և փորձել արդարացնել դրսից հնարավոր ուժի կիրառումը», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ ապրիլյան այս օրերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան զինուժը հրթիռակոծեց սիրիական կառավարական ավիաբազան, որտեղից, ենթադրաբար, քիմիական հարձակում էր իրականացվել Իդլիբ նահանգի վրա: Այս նոր հարձակման լուրերը տարածվելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «կենդանի» է անվանել: Թվիթերում նա մի քանի գրառում է արել՝ մեղադրելով Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանին և Իրանին՝ «կենդանի» Ասադին պաշտպանելու մեջ:

Սիրիական քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, որոնք ավելի շատ հայտնի են որպես Սպիտակ սաղավարտներ, հայտնել են, որ թունավոր գազի բալոնները ապրիլի 7-ի երեկոյան նետել են ուղղաթիռներից, ինչից հետո մարդիկ սկսել են խեղդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG