Այսօր կեսօրին Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է երկրի նախագահ, ստանձնելու է իր պարտականությունները:
Այդպիսով, ավարտվելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
Արդեն երդմնակալությունից հետո, Հայաստանի նախագահի նոր նստավայրում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող Կառավարության ընդունելությունների նախկին տանը, Արմեն Սարգսյանին այցելելու է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Կառավարության հրաժարականը:
Վարչապետ Կարապետյանն ու Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մոտ մեկ շաբաթից Ազգային ժողովը կընտրի նոր վարչապետ:
«Ազատություն TV»-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելու է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: