Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստը ահազանգում է, թե ոստիկանների կողմից հետապնդման է ենթարկվում


Անուշ Լալայանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 7-ը ապրիլի, 2018թ․

«Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից Անուշ Լալայանն ահազանգում է՝ ոստիկանների կողմից իր ակտիվիստական գործունեության հետևանքով հետապնդումների է ենթարկվում։

«Ազատության» հետ զրույցում Լալայանը պատմեց, որ այսօր իր բնակարան են այցելել հինգ ոստիկաններ։ Այցի պահին նա աշխատանքի է եղել, և ոստիկանները զրուցել են մոր հետ. - «Մտել են տուն, ասել են՝ «Անուշը որտե՞ղ ա, իրա հետ զրուցելու ինչ-որ բան կա», խնդրել են, որ մայրիկս ցույց տա իմ նկարները, դրանից հետո վերցրել են հեռախոսահամարս և կապվել են ինձ հետ։ Մայրիկս հարցրել է՝ «ի՞նչի համար»։ Ասել են՝ «երբ որ տեսնենք Անուշին, կխոսենք»։ Կապվեցին ինձ հետ, ասեցին՝ «քո հետ խոսալու մի քանի հարց ունենք», ասեցի՝ «ինչի՞ մասին», բա՝ «հեռախոսով խոսալու չի, պետք ա անպայման հանդիպենք»։ Ես ասեցի՝ «բա ճիշտ չի՞ լինի, որ ինձ ծանուցում ուղարկեք, որ ես հասկանամ ինչի համար, ինչ նկատառումներով եք ինձ կանչում»։ Ասեցին՝ «դե կգանք, կխոսենք, կհասկանանք, քուրիկ ջան, հեռախոսով խոսալու չի»...»։

Հեռախոսազրույցից հետո ոստիկանները նաև Անուշ Լալայանի աշխատանքի վայր են այցելել: Սակայն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո նա հրաժարվել է հանդիպել ոստիկանության աշխատակիցների հետ։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս միջադեպը կապում է իր ակտիվիստական գործունեության հետ, Լալայանը պատասխանեց. - «Այո, բնականաբար։ Ես նույնիսկ կարծում եմ, որ իրենք ինձ փորձում են վախեցնել, որպեսզի ես չմասնակցեմ էսպիսի ակցիաների, բայց ես հայտարարում եմ՝ ինչ ուզում եք արեք, ինձ ոչ մեկ չի կարող վախեցնել»։

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով այցելել են Անուշ Լալայանին, բայց, քանի որ վերջինս իր հաշվառման հասցեում չի բնակվում, այցելել են փաստացի բնակության հասցե՝ վարչական իրավախախտման վերաբերյալ պարզաբանում ստանալու և ծանուցագիր հանձնելու նպատակով:

Հարցին, թե ի՞նչ վարչական իրավախախման մասին է խոսքը, և արդյո՞ք դա Լալայանի ակտիվիստական գործունեության հետ է կապված, ոստիկանությունից պատասխանեցին. - «Երբ Անուշ Լալայանը կներկայանա վարույթ իրականացնող մարմին, իրեն կպարզաբանեն, թող ինքը ներկայացնի»։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ Անուշ Լալայանի տուն այցելել են ոչ թե հինգ, այլ ավելի քիչ թվով ոստիկաններ, բայց հստակ թիվ չնշեցին։

Ոստիկանությունը նաև պարզաբանում է տարածել, որտեղ նշել է Անուշ Լալայանի բնակարան այցելելու պատճառն ու կոչ արել «ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է՝ այս միջադեպը կապված է Անուշ Լալայանի ակտիվիստական գործունեության հետ: «Անուշը ամենաակտիվ մասնակիցներից է եղել, ու վստահաբար կարող եմ ասել՝ իր ակցիաների հետ է կապված։ Իրենք [ոստիկանները] պետք է հասկանան, որ էս միջոցները անցյալում են մնացել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սանասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG