Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի պնդմամբ՝ զինծառայողների մահվան որոշ դեպքեր չեն հրապարակվել, ՊՆ-ն կտրականապես հերքում է


Արթուր Սաքունց, արխիվ
Արթուր Սաքունց, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պնդում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017-ի ընթացքում բանակում արձանագրված ոչ բոլոր մահվան դեպքերն է հրապարակել։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բացահայտումը, սակայն, պաշտպանության նախարարությունը չի ընդունում։ «Իրենք մահվան որոշակի դեպքեր թաքցնում են»,- ասում է Սաքունցը, տարակուսելով՝ պետության տաբեր կառույցներ ներկայացնում են տարբեր տվյալներ, ինչը «որոշակի խնդիրների» առկայության մասին է խոսում:

Տարիներ շարունակ զինված ուժերում մոնիթորինգ իրականացնող իրավապաշտպան այս կազմակերպության ղեկավարը ցույց է տալիս պաշտոնական երկու տարբեր փաստաթղթեր՝ գլխավոր դատախազության նամակը և Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տարեկան հաղորդումը։ Գլխավոր դատախազության՝ Սաքունցին ուղղած նամակում նշված է՝ «2017-ին ծառայության ընթացքում Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի պաշտպանության բանակում արձանագրվել է ժամկետային և պայմանագրային 56 զինծառայողի մահվան դեպք»։

Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրությունում պաշտպանության նախարարությունն այլ՝ 19-ով ավելի է թիվ է նշել՝ 75։ Օմբուդսմենի հաղորդման մեջ, հղում անելով պաշտպանության նախարարությանը՝ նշված է՝ «2017-ին գրանցվել է 75 զինծառայողի մահվան դեպք, որից 41-ը մարտական հերթապահության ընթացքում է եղել, իսկ մնացած 34-ը՝ այլ պայմաններում»։

Այնուհետև նշվում են մահվան պատճառները: Թե՛ գլխավոր դատախազության, թե՛ օմբուդսմենի հաղորդման մեջ նշված են մահվան դեպքերի նույն պատճառները՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մինչև հիվանդություններ և դժբախտ պատահարներ։ Սաքունցը բացառում է, որ տարբեր թվեր հրապարակելն ընդամենը տեխնիկական խնդրի հետևանք է։

«Ինչպես երկար տարիների մեր դիտակումներն են ցույց տալիս, կարծում եմ, որ կան որոշակի մահվան դեպքեր, որոնց դեպքում իրենք ոչ միայն անմիջական պատասխանատվություն ունեն, այլև պատասխանատու են հենց բարձրաստիճան սպաները, հրամանատարները, և այդ դեպքերի մի մասը թաքցնելով, փորձ է արվում այդ հրամանատարներին զերծ պահել պատասխանատվությունից»,- ասում է իրավապաշտպանն ու հավելում՝ մինչ օրս պաշտպանության նախարարությունը չի պարզաբանել տեղի ունեցածը, ինչը ևս վկայում է, որ իրենց կասկածները հիմնավոր են։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս հարցին, գրել է՝ սա «գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան է։ «Զինված ուժերում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ, դա մեր գործելաոճը չէ, երկրորդ՝ դա անհնար է և երրորդ՝ եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիսթերիան հիմա հասել էր մինչև Մարս»,- գրել է Հովհաննիսյանը։ Դիմելով ընդդիմախոսներին՝ ՊՆ խոսնակը նաև նշել է՝ զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ՝ այն էլ թաքցրած, կամ էլ տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ, և այսպես շարունակ։

Արթուր Սաքունցը հակադարձում է՝ նախարարության կողմից օմբուդսմենին ներկայացված թիվն ավելի մեծ է, քան իր ձեռքի տակ եղածը․ «Իրենք պետք է պարզաբանեն սա, եթե պարզաբանում չեն տալիս, դա խոսում է այն մասին, որ իրենք տրամաբանությունից զուրկ մարդիկ են»:

Պաշտպանության նախարարությունը խոստանում է այս հարցին ավելի հանգամանալից անդրադառնալ մյուս շաբաթ։ Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թվերի տարբերություն իրականում չկա։ Ասաց, որ իրենց նշած 56 մահվան դեպքերը զինծառայության հետ են կապված, իսկ մյուս դեպքերն այլ հանգամանքներում տեղի ունեցած դեպքերն են․ չնայած հանգամանքին, որ զինծառայողներ են, մահացել են այլ իրավիճակներում, ասաց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG