Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում և ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, թե լոկ այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր, ինքնին խոսուն է: Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, Հանրապետության նախագահի համոզմամբ, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ և ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել:

Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա մարտին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, և նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները և հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG