Մատչելիության հղումներ

Ռուսական TACC-հետ զրույցում Ալիևը դարձյալ մեղադրել է Հայաստանին ու խոսել իր բանակի նոր սպառազինությունների մասին


Իլհամ Ալիև, արխիվ
Իլհամ Ալիև, արխիվ

«Հայաստանը չի ցանկանում փոխել Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոն»,- ռուսաստանյան TACC գործակալությանը տված հարցազրույցում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն գլխավոր խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

TACC գործակալության փոխտնօրեն, ծագումով բաքվեցի Միխայիլ Գուսմանի հետ զրույցում Ադրբեջանի նախագահը նաև նշում է․ «Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, և այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ոչ մեզ համար է ընդունելի, ոչ էլ միջազգային հանրության»: Ալիևն ապա շարունակում է՝ Բաքվի համար ընդունելի տարբերակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարումն է`այսինքն` «հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը գրավյալ տարածքներից»:

«Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»-, նշում է Ալիևը: TACC գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրել:

«Միջնորդական առաքելության մանդատ ունեցող՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետությունների ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի: Մենք միանշանակորեն համաձայն ենք այդ մոտեցմանը և կարծում ենք, որ այդ հայտարարությունները միանգամայն տեղին են: Մյուս կողմից՝ հայտարարություններն, իհարկե, շատ կարևոր են, սակայն մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»,- ասել է Իլհամ Ալիևը:

Խոսելով ադրբեջանական բանակի վերազինման գործընթացի մասին` Ադրբեջանի նախագահը նշել է, թե այդ պրոցեսը գրեթե ավարտին է մոտեցել: «Միջազգային փորձագետների և կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր աշխարհի 50 ամենամարտունակ ու լավ սպառազինված բանակների թվում են: Մենք գործնականում ավարտել ենք բանակի վերազինման գործընթացը: Այսօր մեր բանակը հագեցած է թե՛ հարձակողական, և թե՛ պաշտպանական բնույթի ամենաժամանակակից տեխնոլոգիական և բարձր ճշգրտության աստիճան ունեցող սպառազինությամբ: Մենք սպառազինություն ենք ձեռք բերում աշխարհի լավագույն արտադրողներից: Ձեռք բերված այդ սպառազինությունը մեզ ինքնավստահություն է հաղորդում», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Նրա խոսքերից, միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ Ադրբեջանը փոխելու է սպառազինության ձեռքբերման ողջ քաղաքականությունը: «Առաջիկայում սպառազինության գնումն ավելի ընտրովի և կոնկրետ բնույթ կկրի` միտված այս կամ այն խնդրի լուծմանը»,- նշել է Իլհամ Ալիևը: Խոսելով ռուս-ադրբեջանական կապերի ներկա վիճակի մասին` նա պնդել է, որ դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը հնարավոր դարձավ նախևառաջ Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած անձնական լավ հաբարերությունների շնորհիվ:

«Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր գործոններից են: Մեր միջև առկա են շատ վստահելի հարաբերություններ: Մեզ համար փակ թեմաներ գոյություն չունեն: Եվ եթե ի հայտ են գալիս հարցեր, որոնք մեր միջամտությունն են պահանջում, ապա մենք առանց վարանելու զանգահարում ենք միմյանց կամ հանդիպում ենք և կարգավորում այն կնճռոտ հարցերը, որոնք ծագել են ենթականերից որևէ մեկի մեղքով»,- ասել է Իլհամ Ալիևը ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG