Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Մոսկվայում մասնակցել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, ողջույնի խոսում Մայիլյանը ներկայացրել է «արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և նրա անցած ազգային վերածննդի ուղու կարևորությունը»։
«Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը և հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների և սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների և ազատությունների, և կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին 2 անկախ հայկական պետություններ», - ասված է հաղորդագրությունում։
Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ:
Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Լեռնային Ղարաբաղում նկարահանված «Յակովի հողը» ֆիլմի ցուցադրությունը և նկարիչներ Յուրի Գրիգորյանի և Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։
Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին և Յուրի Գրիգորյան-կրտսերին։
Իր հերթին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին և Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։