ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանի կառավարության կողմից այս շաբաթ ներկայացված առաջարկությունների փաթեթը՝ ուղղված Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների կյանքի բարելավմանը:
Երկու օր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է «խաղաղության նախաձեռնության» մասին, որը հնարավորություն կտա ընդլայնել առևտրի, ճամփորդության և կրթության հնարավորությունները բաժանարար գծերի մոտ և անջատված շրջաններում ապրող մարդկանց համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը իր հայտարարության մեջ բարձր է գնահատել այս միջոցառումները, որոնք, նրա խոսքով, «կօգնեն վարչական սահմանների երկու կողմերում ապրող առավել խոցելի բնակչության կարիքները հոգալուն և կմեծացնեն նրանց տեղաշարժի հնարավորությունները, կնպաստեն նրանց ապրուստի միջոցների բարելավմանը, ավելի մատչելի կդարձնեն կրթությունը»։