Մատչելիության հղումներ

«Արեք ձեր քայլը և Սերժ Սարգսյանը կանի իր հետքայլը», քայլարշավի 6-րդ օրն ասում է Նիկոլ Փաշինյանը


Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած քայլարշավի 6-րդ օրը, 5-ը ապրիլի, 2018 թ․, լուսանկարը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի

Ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար, արդեն 6-րդ օրը քայլարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն իր մի խումբ կողմնակիցների հետ ավելի քան 113 հազար քայլ է արել, օրական անցնելով մոտ 13 կմ։ Ընդհանուր առմամբ՝ քայլարշավի մասնակիցները մտադրվել են ոտքով 195 կմ ճանապարհ կտրել ու հասնել Երևանի Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անելու:

Փաշինյանը շեշտում է՝ ճանապարհի ոչ մի մետրը մեքենայով չեն անցել։ Հաշվարկել են՝ մինչև մայրաքաղաք 300 հազար քայլ կանեն։ Ակնկալում են, որ այդքան մարդ էլ իրենց կդիմավորի Ազատության հրապարակում։ «Ես ասել եմ, որ ամբողջ ճանապարհը անցել եմ բացառապես ոտքով, ոչ մի մետր մեքենայով չեմ անցնելու: Մեր կամքն ամուր է քարից էլ, մեր ոգին հանձվել չգիտի»,- այսօր ասաց Փաշինյանը:

Ճանապարհին սոցիալական ցանցերի միջոցով շփվում են մարդկանց հետ, հայտարարություններ անում, հետևում արձագանքներին։ Քայլելիս նաև նորություններին են հետևում, անգամ գիրք են կարդում։ Արշավի մասնակիցներից մեկն ասաց, թե իր գիրքը Սերբիայի հեղափոխության մասին է, որը տեղի է ունեցել ոչ բռնի ուժով․ «Դա բոլոր երկրներում էլ հնարավոր է»:

Այսօր անցել են Վանաձոր-Դիլիջան հատվածով: Քայլարշավի մասնակիցներն ասում են, թե անցած 6 օրերն առանց դժվարությունների են անցել, հանգիստ, վտանգներ չեն եղել։ Քայլարշավի երկրորդ օրը Արջուտից նրանց մի թափառական շուն է միացել, անունը Չալո են կնքել, արդեն 5 օր է շունը նրանց հետ քայլում է։ «Համացանցում իր անունով էջ է բացվել, անունը դրել են Քայլո, լուրջ դեմք ա դառել... պետք ա ցույց տանք, թե շներն ինչպես են հեղափոխություն անում»,- կատակեց արշավորդներից մեկը:

Վանաձորցի անասնաբույժերը Չալոյի մասին համացանցով տեղեկացել էին: Այսօր նրանցից մեկը եկել ու փորձում էր հետազոտել կենդանուն, անհրաժեշտ բուժումներ անել։ Բայց շանը բռնել այդպես էլ չհաջողվեց, անասնաբույժը ցուցումներ տվեց ու հեռացավ։

Քայլարշավի ընդմիջումները երկարատև չեն լինում՝ ընդամենը 5-10 րոպե: Քայլողների խոսքով՝ ժամանակին, նախատեսված օրն ու ժամին Ազատության հրապարակ հասնելու համար։ «Արեք ձեր քայլը և Սերժ Սարգսյանը կանի իր հետքայլը, Հանրապետականը կանի իր հետքայլը, կոռուպցիան կանի իր հետքայլը, հուսահատությունը կանի իր հետքայլը»,- պատկերավորեց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG