Մատչելիության հղումներ

Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Վատիկանում տեղի է ունեցել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահի հրամանագրերով՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով՝ «Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար», Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով՝ «բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար», բարերար Սմբատ Կարապետյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ «մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար», Իտալիայի Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ալդո դի Բիաջոյին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG