Մատչելիության հղումներ

CPJ-ն պաշտպանում է արտահանձնման վտանգի տակ գտնվող ադրբեջանցի լրագրողին


Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի լրագրողի հոլանդական անձնագիրը և դադարեցնել նրան Ադրբեջանին արտահանձնելու գործընթացը:

Լրագրողական միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, Կիևի դատախազությանը հորդորել է հարգել Ֆիքրեթ Հուսեյնլիի ազատ տեղաշարժվելու մասին դատարանի ընդունած որոշումը:

Ապրիլի 2-ին Կիևի շրջանային դատարանը որոշել է, որ Ֆիքրեթ Հուսեյնլին չպետք է արտահանձնվի Ադրբեջանին և նրա ազատ տեղաշարժվելը չպետք է սահմանափակվի: Սակայն Ուկրաինայի իրավապաշտպան խմբերը հայտնում են, որ Կիևի դատախազը դատարանի քարտուղարությունից վերցրել է Հուսեյնլիի անձնագիրը և մինչ դատավորի որոշումը հեռացել դատարանի շենքից:

«Ուկրաինան չպետք է տրվի Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պահանջներին, որոնք իրենց քննադատողներին հետապնդում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս», - ապրիլի 4-ին հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:

«Թուրան»-ի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին 2008-ին Ադրբեջանից հեռացել էր այն բանից հետո, երբ չբացահայտված անձինք նրան ծեծի էին ենթարկել ու դանակահարել: Նա Նիդերլանդներում քաղաքական ապաստան էր ստացել, այնուհետև Նիդերլանդների քաղաքացիություն ընդունել:

Ադրբեջանի իշխանությունների հայտարարած հետախուզման հիմքով՝ 2017 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի իրավապահները Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում նրան կանգնեցրել էին, չէին թույլատրել մեկնել Գերմանիա և վերցրել էին նրա փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG