Մատչելիության հղումներ

Փոստանջյանը ողջունում է փողոցային պայքարը, բայց կառաջնորդվի իր ծրագրով


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում:

Զարուհի Փոստանջյանը ողջունում է փողոցային պայքարի նախաձեռնությունները, սակայն իր գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կառաջնորդվի սեփական ծրագրով:

«Ինչ-որ մի հավաքի միանալու կամ չմիանալու խնդիր մեր առջև դրված չէ: Նաև կեղծ միավորումները մենք մերժում ենք․ ժամանակի ընթացքում քանդվում են և ավելի են խաթարում բոլոր այն սպասումները, որը ունի հանրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Դեռ անցած տարվանից համահայկական ընդվզման մասին հայտարարած Փոստանջյանը քննարկումներ չի ունեցել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ պայքարողների՝ Նիկոլ Փաշինյանի, «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրապարակած դուրս եկած ուժերի հետ միավորման եզրեր չի տեսնում․ - «Ինչի՞ շուրջ պետք է կարողանաս միավորվել, եթե հստակ չկա ծրագիր, գաղափար և սկզբունքներ: Դրանք լոզունգներ են, դա ծրագիր չէ․ հայտարարել, որ միայն թե Սերժը չլինի, ով ուզում է լինի, Սերժին պետք է տապալենք, հետո կտեսնենք ինչ ենք անելու․․․ Այդպես քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ, որովհետև նույն այդ Սերժերը ամենուրեք են, նույն այդ սերժությունը այսօր այդ խորհրդարանն է, և այդ սերժությունը այսօր նույն այդ Արմեն Սարգսյանն է․․․»

Ընդդիմադիր գործիչը արդյունավետ չի համարում վարչապետի ընտրության օրը մարդկանց միայն խորհրդարանի առջև հավաքելը՝ շեշտելով, որ փողոցային նախկին ակցիաները արդյունք չեն տվել, ուժայինները գլխատել են պայքարը․ - «Մի կենտրոնում են հավաքված եղել մարդիկ, և այդ գլխատումը դյուրին է եղել այս ապօրինի գործող իշխանության համար: Հետևաբար մենք գտնում ենք, որ չպետք է լինի միայն Ազատության հրապարակը, պետք է ներառի տարբեր օջախներ, որպեսզի այդ իրենց բիրտ ուժը չկարողանա ճնշել քաղաքացիներին: 22 հազար ոստիկանի դեմ դու քաղաքացիներով ոչինչ չես կարող անել»:

Ուստի, երևանյան առաջիկա հանրահավաքների օրերին Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ն կլինի մարզերում՝ բողոքի գործողություններ կազմակերպելով Գյումրիում, Վանաձորում և Կապանում․ - «Եթե նրանք Ազատության հրապարակն են ցանկանում, որպեսզի լինի լեցուն, մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա ցանցային պայքարի միջոցով, և ներգրավված լինեն Հայաստանի բոլոր քաղաքները: Հետևաբար մենք էլ ենք լինելու գործի մեջ»:

Բայց Փոստանջյանը նաև արդեն ընդգծում է՝ պետք է մտածել, թե ընդդիմությունն ինչ է անելու ապրիլի 17-ից հետո:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հստակ ժամկետներ չի նշում, թե երբ է իրականացնելու Համահայկական ընդզվզումը, որ նույն օրը, նույն ժամին մարդիկ փողոց դուրս գան: Այս ծրագրով Փոստանջյանն ու կուսակիցները վերջին ամիսներին եղել են Հայաստանի բոլոր քաղաքներում, սփյուռքի մի քանի կենտրոններում․ - «Դա ես չեմ իրականացնելու: Դա իրականացնելու է հանրությունը: Երբ հանրությունը կլինի դրա համար պատրաստ, այդ գաղափարի կրողը կլինի, այդ ժամանակ էլ նա ինքը կժամադրի և՛ օրը, և՛ ժամը»:

Հարցին, թե արդոք ապրիլը լավ առիթ չէ, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ - «Մենք ապրիլը օգտագործում ենք»:

Դիտարկմանը, թե իրենց հավաքները սակավամարդ են, արձագանքեց․ - «Դա էակա՞ն է արդյոք․․․ Նույն սակավ մարդկանցով դու կարող ես անել հեղափոխություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG