Մատչելիության հղումներ

Անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովը հատկանշվել է հակաամերիկյան հռետորաբանությամբ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ելույթ է ունենում մոսկովյան համաժողովում, 4-ը ապրիլի, 2018 թ․

Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով համաժողով է անցկացվում: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ համաժողովին տասնյակ երկրներից հարյուրավոր պատվիրակներ են մասնակցում: Քննարկվող հիմնական հարցը սիրիական հակամարտությունն է, «Իսլամական պետությանը» պարտության մատնելուց հետո Մերձավոր Արևելքում զարգացման հեռանկարները:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ելույթերում խիստ քննադատություն է հնչել Միացյալ Նահանգների և առհասարակ՝ Արևմուտքի հասցեին: Նշենք, որ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ադրբեջանը մասնակցում է փոխնախարարի մակարդակով:

«Ինտերֆաքսի» թղթակիցը Վիգեն Սարգսյանից փորձել է ճշտել ռուսական սպառազինություն գնելու նպատակով Ռուսաստանից նոր վարկ վերցելու մասին շրջանառվող լուրերը: Սարգսյանն ասել է, թե զենք ձեռք բերելու համար գործընկերների հետ մշտապես աշխատանք է տարվում, այդ թվում նաև ֆինանսավորման հարցերով: Հիշեցնենք՝ Հայաստանն արդեն երկու անգամ՝ համապատասխանաբար 100 միլիոն և 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել Ռուսաստանից՝ ռուսական արտադրության սպառազինություն գնելու համար:

Մոսկովյան անվտանգության հարցերով համաժողովում ընթերցվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում ասվում է, թե Սիրիայում «Իսլամական պետությունը» թեև ջախջախվել է, բայց դեռ լուրջ վտանգ է ներկայացնում: Մինչ այժմ հնչած ելույթներում գերիշխում է հակաամերիկյան հռետորաբանությունը: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, թե Ռուսաստանի հանդեպ Միացյալ Նահանգների գործողություններն այլ բան չեն, քան վերադարձ սառը պատերազմի ժամանակներին:

«Պայքարը գոյություն չունեցող, այսպես կոչված՝ «ռուսական սպառնալիքի» դեմ Վաշինգտոնի քաղաքականության իսկական «իդեա ֆիքսն» է դարձել: Դա այնպիսի չափերի է հասել ու այնպիսի անհեթեթ դրսևորումներ ստացել, որ արդեն կարելի է խոսել «սառը պատերազմի» մռայլ ժամանակներին վերադարձի մասին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Նա ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեղքը բարդել է ԱՄՆ-ի վրա, ասելով, թե «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից Սկրիպալների՝ կոպտորեն բստրված գրոտեսկային սադրանքին» եվրոպական երկրների մի մասը չի շտապում հետևել:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, թե հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգն անկայունության գործոն է հանդիսանում ու խթանում է սպառազինությունների մրցավազքը: Նա նաև մտահոգություն է հայտնել Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորախմբերի, իր բնութագրմամբ՝ «անպատասխանատու ուժեղացման» կապակցությամբ:

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկին հայտարարել է, թե ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիաի՝ Սիրիայում գտնվելն անօրինական է: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Սիրիան մասնատելու ուղի է բռնել: «Կոնֆլիկտային իրավիճակների հիմքեր են գցում, որոնք վաղ թե ուշ վերածվելու են նոր պատերազմի, որտեղ բոլորը կռվելու են բոլորի դեմ»,- ասել է Ռուդսկին:

Անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովն անցկացվում է ամեն տարի, սկսած՝ 2012-ից: Մասնակիցները հիմնականում ռազմական ոլորտի ներկայացուցիչներ են: 2018-ի՝ այսօր մեկնարկած համաժողովն ընթանում է Մոսկվայի նախկին «Ուկրաինա», ներկայումս Radisson Royal հյուրանոցում և կավարտվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG