Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ոստիկանական հետապնդումների մասին բարձրաձայնած Ասյա Խաչատրյանի գործով դեռ առաջընթաց չկա


Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդման ենթարկվելու մասին հայտարարելուց մեկ շաբաթ անց Ասյա Խաչատրյանի գործում դեռևս տեղաշարժ չկա: Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապեր բաժնից հայտնում են, որ ծառայողական քննությունը շարունակվում է, իսկ Հայաստանի ոստիկանությունում դեռ ընթանում է հետաքննություն այն բանից հետո, երբ Ասյա Խաչատրյանի բողոքը Հայաստանի դատախազությունից ուղարկվել է այնտեղ։

Մինչդեռ 19-ամյա Ասյա Խաչատրյանն արդեն մտավախություն է հայտնում, որ քննությունը կարող է անաչառ չընթանալ՝ հաշվի առնելով նաև ոչ մինչ օրս չկա հարուցված քրեական գործ։ Ասյան հիշեցնում է 2015-ի Բերձորի դեպքերի մասին, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Ղարաբաղ մտնելիս ոստիկանները դիմավորեցին բռնությամբ ու թույլ չտվեցին հասնել Ստեփանկերտ։ Աղմուկ հանած միջադեպից հետո նկատողության արժանացան մի շարք ոստիկաններ, իսկ մոտ մեկ տասնյակ անձինք ազատվեցին աշխատանքից։

«Հիմա՝ ինչքանո՞վ են իրենք շահագրգռված հանցագործության բացահայտմամբ, ու արդյո՞ք Բերձորի դեպքերի նման մի քանի մատ թափ տալով կվերջանա, նման ամենաթողության դեպքերը գալիս են նրանից, որ ոստիկանը գիտի, որ մեկա՝ չի պատժվելու», ֊ ասում է Խաչատրյանը: ֊ «Եթե ժամանակին էս ամեն ինչը շատ խիստ հետևեին, համապատասխան պատասխանատվության ենթարկվեին պատասխանատուները, բանը դրան չէր հասնի ու ինձ ոչ ոք Ստեփանակերտում չէր ասի՝ գնա Հայաստանումդ արա օրենք»:

Կարճ ժամանակով Ստեփանակերտում գտնված Ասյան պնդում էր, որ փետրվարի սկզբին պարզապես կապույտ մազեր ունենալու և փողոցում ծխելու համար իրեն բերման էին ենթարկել ոստիկանություն, իր ուղղությամբ նետել ծխախոտի տուփ, ծաղրել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ապա այցելել իր տուն և առանց համապատասխան փաստաթղթի փորձել խուզարկել։ Միջադեպից հետո դատախազություն դիմած երիտասարդը պարզաբանում է, որ իրավապահներին դիմել է առաջին հերթին որպեսզի Ղարաբաղի ոստիկանները վերանայեն իրենց վարքագիծը և իր հետ պատահածն այլևս չկրկնվի այլ քաղաքացիների դեպքում։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, այսօր «Ազատության» տաղավարում անդրադառնալով միջադեպին, վերահաստատեց օմբուդսմենի գրասենյակի՝ հայտարարությամբ տարածված տեսակետը՝ դատապարտում են մարդու իրավունքների խախտումներն ու սպասում են քննության ավարտին․ ֊ «Հույս ունեմ, որ պարզվելու են բոլոր փաստերը, ճիշտ կոմունիկացիա է լինելու հանրության հետ և այն միջոցները, որոնք կիրառվելու են խախտում թույլ տված ծառայողների նկատմամբ՝ ընկալվելու են որպես արդարացի»:

Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նաև հարցեր է ուղղել ոստիկաններին, դեռ սպասում են պատասխանին։

Ռուբեն Մելիքյան անդրադարձավ նաև իր հասցեին հնչեցված այն քննադատությանը, թե Ասյա Խաչատրյանի միջադեպին անդրադառնալիս խոսել է «եթե»֊ով՝ այդպիսով կասկածի տակ առնելով երիտասարդի պնդումները․ ֊ «Այդ ձևակերպումը օգտագործելով՝ նկատի ենք ունեցել այն հանգամանքը, որ դրանք պնդումներ են, դրանք հրապարակավ են արվել և պետք է անպայման քննություն իրականացվի: Մենք օգտագործել ենք «եթե» պայմանական ձևը, որովհետև մենք այս պահի դրությամբ չենք կարող դա հաստատված համարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG