Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Իրական ընդդիմությունը նրանք չեն, ովքեր որ բարձր գոռում են


Հանրապետական Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն aravot.am-ում հրապարակված հոդվածում «ասել է իրականությունը»՝ ժողովուրդը Հանրապետականին է տվել մինչև 2022 թվականը երկիրը կառավարելու իրավունքը։

«Ես բարձր եմ գնահատում Էդմոն Մարուքյան քաղաքական գործչի, այդ թվում նաև խիստ ընդդիմադիր քաղաքական գործչի քաղաքական և իրավական գիտելիքները: Այն, ինչ ասում է Էդմոն Մարուքյանը, դա ամբողջությամբ գրված է թե՛ Սահմանադրության մեջ, թե՛ ընտրական օրենսգրքում, թե՛ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքում», ֊ այսօր ասաց Մելիքյանը: ֊ «Նա իրենից ոչինչ չի ասում, նա ասում է այն իրականությունը, ինչ գոյություն ունի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը պայքար է ծավալել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ: Երկու շաբաթ անցնելով Հանրապետության մի շարք քաղաքներով՝ «Իմ Քայլը» նախաձեռնությունը ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ։ Փաշինյանի համոզմամբ՝ կկարողանան հաջողության հասնել, եթե Հայաստանի քաղաքացիները իրենց նման լիազորություն տան:

Այսօր հրապարակած հոդվածում «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ չեն հավատում իրենց գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։

Մարուքյանի պնդմամբ, սա չի նշանակում, թե իրենք չեն ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, պարզապես ելնում են այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ է թույլ տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, և նրան, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն:

«Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների», - կանխատեսել է Մարուքյանը։

Հանրապետական Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ Մարուքյանին հաջողվել է հիմնավորել՝ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարին չմասնակցելու որոշումը:

«Այս պարագայում Մարուքյանին շատ ավելի մեծ քաղաքական, կառուցողական գործչի գնահատական կտամ», ֊ ասում է Մելիքյանը:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ դրական են գնահատում քաղաքական խնդիրները քաղաքական բանավեճի և ոչ թե հայհոյանքի կամ փողոցային պայքարի մակարդակով քննարկելը՝ այնուհանդերձ ձեռնպահ մնալով կոնկրետ գնահատական տալ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հրապարակած հոդվածին առհասարակ․ ֊ «Ես չեզոք մարդ չեմ, որ գնահատեմ: Եթե ես դրականն ասեմ, պետք է սվիններն ուղղեմ Մարուքյանի դեմ՝ ասեք իշխանությունը ծափահարում է Մարուքյանին, բացասական ասեմ՝ պիտի ասեք իշխանությունը լայնախոհ չէ և ով որ իրեն չի գովերգում՝ քննադատում է: Դրա համար ես ձեռնպահ կմնամ և որևէ գնահատական չեմ հնչեցնի: Հաստատ Մարուքյանի հոդվածը ուղղված չի եղել իշխանությանը, Մարուքյանի հոդվածը ուղղված է հասարակությանը և իրենց ընտրողներին, և Մարուքյանի հոդվածի գնահատականները պետք է հնչեցնի ոչ թե Շարմազանովը, այլ «Լուսավոր Հայաստանի» կամ «Ելք» դաշինքի ընտրողները և հասարակությունը: Առնվազն՝ «Լուսավոր Հայաստանը», ինչքան ես գիտեմ, երբեք չի խոսել անձերի դեմ պայքարից կամ փողոցներում ապրիլի 2-ի ընտրությունները վերաբողոքարկելու մասին, դրա համար ինձ համար անակնկալ չէր: Ավելի անսպասելի է Փաշինյանի պահվածքը, որովհետև ամիսներ առաջ նա խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության առկայության մասին և ասում էր, ո «Քաղաքացիական պայմանագիրը» հենց այն կուսակցությունն է, որը պետք է զերծ մնա այն բացթողումներից, որ արել են նախկին ընդդիմությունը և իրականացնի ինստիտուցիոնալ պայքար, և այսօր, առնվազն, այն ինչ կատարվում է քայլերթի միջոցով, հաստատ ինստիտուցիոնալ պայքար չէ»:

Մարուքյանի հրապարակած հոդվածին բավական կոշտ արձագանքեց «Ելք» դաշինքի անդամ Փաշինյանը՝ հայտարարելով՝ նրա գծագրած ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի ՕԵԿ-ի կողմից:

Շարմազանովը կարծում է՝ քննադատությունից վախենալ պետք չէ, եթե վախենում ես, չպետք է մտնես քաղաքականության մեջ։ Այնուհանդերձ, չի կարծում, որ Մարուքյանը «իշխանության քիմքը շոյող հայտարարություններ է արել»:

«Մեր պրոբլեմներից մեկը գալիս է նրանից, որ մենք միշտ ընդդիմադիր համարել ենք նրանց, ովքեր բարձր խոսում են, բարձր քննադատում են, երբեմն նաև, ցավոք սրտի, բարձր հայհոյում են: Բայց աշխարհի ժողովրդավարական երկրներում իրական ընդդիմությունը նրանք չեն, ովքեր որ բարձր գոռում են, այլ նրանք են, ովքեր սկզբունքային, քարը քարի վրա դնելով գնում են իրենց գաղափարախոսության ջատագով լինելու ճանապարհով», ֊ նշեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Մարուքյանի գնահատականները թիկունքից հարված չէին փողոցային պայքարի մասին ազդարարած ընդդիմությանը, Շարմազանոցը արձագանքեց․֊ «Մատի և մատանու արանք պետք չէ մտնել, հաստատ ես ավելորդ եմ իրենց բանավեճում, եթե այդտեղ կա բանավեճ»:

Իր ծավալուն հոդվածում Մարուքյանը այս փուլում առավել իրատեսական է համարում իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը՝ իշխանությունների առաջ պայման դնելով, որ «Ելք»֊ին և քաղաքացիական հասարակությանը տեղեր տրվեն բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։ Իշխանությունը, Մարուքյանի գնահատմամբ, պետք է զիջի, օրինակ, Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքները, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը:

Այս պահին Մարուքյանի առաջ քաշած հարցի մասին խոսելը Շարմազանովը ժամանակավրեպ համարեց, բայց և հավելեց՝ եթե գտնեն, որ անհրաժեշտ է, ինչու՝ ոչ․ ֊ «Ես կարծում եմ, որ որևէ քարացած դոգմա չկա, այն ինչ ասում է Մարուքյանը միգուցե այսօր կամ վաղը կիրառելի չեն, բայց միգուցե հինգ տարի հետ կամ երկու տարի հետո կիրառելի լինեն: Այդ իմաստով ես չեմ ուզում կտրուկ, ռադիկալ գնահատականներ հնչեցնել: Բայց երկու կարևոր հանգամանք նշեմ․ ընդդիմությունը ունի բավականաչափ իրավունք, դրանք փոփոխության ենթակա են թե չէ՝ իհարկե, որևէ քաղաքական հարց քարացած չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG