Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին խոստանում է իշխանափոխություն անել Վրաստանում


«Ես կվերադառնամ Վրաստան և իմ թիմի հետ կիրականացնեմ իմ բոլոր ծրագրերը, ես իմ ժողովրդին միայնակ չեմ թողնի դժվարության մեջ»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին իր հղած տեսաուղերձում, որում հանդես է եկել իր ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անունից:

Քննադատելով ներկայիս իշխանություններին՝ Վրաստանի նախկին առաջնորդը նրանց մեղադրել է բնակչությանը «բանկային մաֆիայի» գերին դարձնելու մեջ: Սաակաշվիլին խոստացել է փրկել Վրաստանը տնտեսական աղետից, որի մեղավորը, նրա խոսքով՝ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է:

2003-2013 թվականներին Վրաստանը ղեկավարած Սաակաշվիլին նաև կոնկրետ խոստումներ է հնչեցրել: Նա, մասնավորապես, խոստացել է երկրում իշխանափոխություն իրականացնել, ինչը «տեղի կունենա արդեն այս տարի»:

Վերջին տարիներին Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Սաակաշվիլին անցյալ փետրվարին արտաքսվել էր Ուկրաինայից: Կիևի ռեստորաններից մեկում հատուկջոկատայինները նրան ձերբակալել, այնուհետև ինքնաթիռ էին նստեցրել և ուղարկել Լեհաստան: Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ Սաակաշվիլին անօրինական կարգով է գտնվում երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG