Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է՝ Հայաստանում ՌԴ բազայում ՌՈ ստորաբաժանման գործառույթը ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումն է


Զորավարժություններ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում, արխիվ
Զորավարժություններ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից նշել են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձևավորում է ռազմական ոստիկանության հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումներ, որոնք առաջիկայում կընդգրկվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են բացառապես միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված գործառույթներ:

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմում ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու հարցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև փոխհամաձայնեցվել է դեռևս 2014 թվականին: Ռազմական ոստիկանության ստորաբաժանման գործառույթն է ռազմակայանի ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումը և դրա ներառումը ռազմակայանի կառուցվածքում ոչ մի կերպ չի խախտում ոչ ռազմաբազայի կառուցվածքի, ոչ առավելագույն թվաքանակի մասին առկա պայմանավորվածությունները», - ասված է պարզաբանման մեջ:

Նախարարությունը միաժամանակ նշում է, որ զուտ ռազմակայանի հրամանատարության իրավասության շրջանակներում իրականացվող ներքին ծառայության խնդիրներից զատ, Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ռազմական ոստիկանությանը հատուկ գործառույթներ իրականացնելու, Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության հետ համագործակցելու համար անհրաժեշտ իրավական կարգավիճակ և իրավասություններ սահմանելու նպատակով երկու պետությունների պաշտպանության նախարարությունները ձեռնամուխ են եղել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին» միջպետական համաձայնագրի նախագծի մշակմանը. այն ՀՀ և ՌԴ օրենսդրություններով սահմանված կարգով երկու երկրներում պետք է անցնի կնքման նախապատրաստման, ստորագրման, վավերացման և հաստատման ընթացակարգերը:

Հիշեցնենք՝ անցած ամսվա վերջին «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը, հաղորդեց, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն։

Մինչ ռուսական պաշտոնական աղբյուրը ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում էր ինչպես կայացած փաստի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում էր, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու շուրջ դեռ փաստաթուղթ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG