Մատչելիության հղումներ

Եղինյան եղբայրները նույն զորամասում են մասնակցել քառօրյա պատերազմին


Լոռու մարզի Քարինջ գյուղում ապրող Եղինյան եղբայրները երկու տարի առաջ Մատաղիսի զորամասում միաժամանակ մասնակցել են քառօրյա պատերազմին։

Գրեթե հասակակից եղբայրները, ովքեր այդ 4 օրերին զգացել են պատերազմի դժվարությունները, դաժանություններն ու զինակից ընկերներ կորցրել, հարազատ Քարինջ են վերադարձել Նելսոն Ստեփանյան մեդալով ու Քաջարի մարտիկ շքանշանով։

«Մենք ամսի 1-ին իջել էին հերթափոխից, արդեն զորամասում էինք, որ գիշերը սկսվեց հերտակոծությունը», - պատմեց նրանցից մեկը:

Մյուսը հավելեց․ - «Ես էդ ժամանակ նորակոչիկ էի, երեք ամսվա ծառայող էի: Հաջորդ օրը ես էլի բարձրացել եմ դիրքեր: Ամսի 2-ի օրը ես վարորդ եմ եղել, անընդհատ բարձրացել-իջել եմ՝ զորքին սնունդ, անձնակազմ են հանել-իջացրել, զենք․․․ Անընդհատ ես տարբեր դիրքերում եմ եղել ու լրիվ իրավիճակին ծանոթ եմ․․․ Մինչև էդ, ասենք, որ մտածում ես, պատերազմ լինի, ինչ կանեմ, կարամ, չեմ կարա, բայց որ պատերազմը սկսվում է, միայն էդ ուղղությամբ ես մտածում: Որ կարողանաս այնպես անել, որ հաղթեք»:

Հարցին, թե արդյոք վախ կար՝ որտեղ է եղբայրը, պատասխանեց․ - «Բնական ա, որ ավելի շատ քո հարազատի մասին ես մտածում, քան ինքդ քո»:

«Մենք իրար հետ էդ քանի օրը չենք կարողացել խոսալ: Ես իրա մասին տեղեկություն տնից էի իմանում, նույնն էլ ինքը: Կռիվներից հետո մենք մեկ էլ մայիսին ենք իրար հանդիպել զորամասում»

Ծնողները մարտերի 4 օրերին ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, կռիվ տվող որդիներից կցկտուր տեղեկություններ են միայն ստացել։ Նրանց հայրը՝ Արամ Եղինյանն ասում է, որ Հայաստան հասնող լուրերում նրանց համար ամենադաժանը զոհվածների ցուցակն էր․ - «Դա նկարագրելու չի․․․ երբ որ կարդալով իջնում ես ներքև, շնչահեղձ ես լինում»:

Նրա կինը հավելեց․ - «Շատ դժվար էր, ամեն ինչ խառնվել էր իրար․․․ Փառք Աստծու, որ կարճ տևեց: Նաև ուրախությունս ուզում եմ համեստորեն թաքցնել, որովհետև էս տեսանյութը պետք է դիտեն իրենց որդիներին կորցրած մայրեր»:

Քառօրյա պատերազմի մասնակից եղբայրները ծառայությունից հետո շարունակում են ուսումը Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում։ Ապագա պատմաբան Տարոն Եղինյանը չի ուզում հավատալ, որ Հայաստանը երբևէ կգնա տարածքային զիջումների և արյան գնով պաշտպանված բնակավայրերը կհանձնվեն Ադրբեջանին․ - «Ես չեմ հավատա ու չեմ ընդունի․․․ Սխալ կլինի»:

22-ամյա երիտասարդը կարևորում է երկու հարևանների միջև հաշտությունը, բայց նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների հակաքարոզի պայմաններում, այդ հաշտությունն անհնար է. - «Իրանց ղեկավարությունից էլ ա գալի, որ անընդհատ հայերի հանդեպ թշնամություն են սերմանում: Եթե փոխվի իրանց քաղաքականությունը, մտածեն, որ կարելի ա հաշտ ապրել հարևանի հետ, պետք չի անընդհատ կռվել․․․ Ինձ չի թվում, որ տենց ժողովուրդ ընլի, որ չուզենա հաշտ ապրի, խաղաղ ապրի»:

Եղբայրները միայն արձակուրդին են հարազատ Քարինջ վերադառնում։ Ասում են, որ ուսումը ավարտելուց հետո՝ կհեռանան գյուղից․ - «Հեռանկար չկա: Լավ կլիներ, որ աշխատանք լիներ գյուղին մոտ, գյուղում մնայինք: Բայց որ աշխատանք չկա, հեռանկար էլ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG