«Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատը հայտարարում է, որ դեմ է բռնությանը և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ պայքարելու է բացառապես խաղաղ անհնազանդությամբ:
Ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է փողոցային պայքար սկսած Նիկոլ Փաշինյանին, ով նախապայման է դնում, թե նույն հարթակում չի կանգնի բռնության կոչեր անողների հետ:
«Պաշտոնապես երկու անգամ կրկնել եմ այդ հայտարարությունը, թե մենք ինչին ենք կողմ, մի անգամ էլ կրկնեմ ու այլևս երբևիցե չեմ ասի, որովհետև արդեն նույնիսկ շատ տգեղ է․ մենք հայտարարում ենք, որ բացառապես քաղաքացիական խաղաղ անհնազանդության կողմնակից ենք», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ազատության» դիտարկմանը, թե Ճակատը, ըստ էության, ստեղծվել է զանգվածային անկարգություններ նախապատրաստվելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի կոչով, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հակադարձեց․ - «Ի՞նչ կապ ունի: Ժիրայր Սեֆիլյանի կոչով, որ ինքը տեսնում է՝ այս մարդիկ ընդդիմադիր մարդիկ են, ասում է՝ իրար հետ նստեք, խոսեք, իրար հետ մի բան արեք: Հո չի՞ ասում՝ եկեք, իմ դրոշի տակ կանգնեք՝ դա մեկ: Երկրորդ՝ Ժիրայր Սեֆիլյանը բռնության համար չի դատապարտվել»:
Այդուհանդերձ, համագործակցության համար Ճակատի այս բացատրությունը Նիկոլ Փաշինյանը բավարար չի համարում: Արդեն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատից հավաստիացումներ է ակնկալում, որ դեմ են նաև բռնությանը բռնությամբ պատասխանելուն, այսինքն ուժ չեն գործադրելու անգամ, երբ իրավապահները դիմեն գործողությունների․ - «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի բռնության մերժումը ոչ միայն որպես գործողություն, այլ նաև որպես հակագործողություն: Մենք չենք կարող որևէ քաղաքական ուժի հետ ընդհանրանալ, առանց այս հարցի վերաբերյալ միանշանակ և աներկբա ըմբռնում ունենալու: Ցավոք, «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում։ Ճիշտ է, իրենք ասել են, որ խաղաղ պայքարի կողմնակից են, բայց մենք հարցը այլ կերպ ենք ձևակերպում»:
Մարզային 14-օրյա քայլերթից հետո ապրիլի 13-ին Փաշինյանը համակիրների հետ Ազատության հրապարակում հանրահավաքային պայքար է սկսելու, այնինչ նույն օրերին նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատը՝ սկսած ապրիլի 9-ից, արդեն հրապարակում է լինելու՝ առնվազն մինչև ամսի 16-ը: Փաշինյանն ասում է՝ հընթացս կերևա, առայժմ չեն քննարկել սցենարը՝ ինչպես է հնարավոր նույն վայրում հավաքներ անցկացնել: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ իրենք կողմնակից են միասնական գործողությունների․- «Հանուն Հայաստան պետության» ճակատը, ըստ էության, նմանատիպ միասնական հարթակ է, որովհետև այստեղ տարբեր կուսակցություններ կան, տարբեր հասարակական գործիչներ կան, և եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ կլինի համագործակցության կամ Ճակատի հետ միանալու, կամ ինչ֊որ նոր միասնական ֆորմատ ձևավորելու, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե ոչ՝ քաղաքացին կասի նույնիսկ մեկ հրապարակում չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, մենք գնանք մասնակցենք, որ ի՞նչ անենք»:
Փոխարենը թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստակամություն են հայտնում միասնական հանրահավաքներ անցկացնել «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության հետ: Արդեն իսկ համագործակցում են, ակտիվ քննարկումների մեջ են, պայմանավորվածություններ ունեն: Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով, եթե անգամ եռակողմ միասնական հանրահավաքների պայմանավորվածություն ձեռք չբերվի, փորձելու են գոնե առանձին-առանձին արվող քայլերը համակարգել, որպեսզի չվնասեն ընդհանուր գործին․ - «Վարչապետի ընտրությունը լինելու է Ազգային ժողովում և Ազգային ժողովի շուրջ է լինելու հիմնական գործընթացը, այլևս Ազատության հրապարակը չի լինելու ուժի կենտրոնը կամ պայքարի կենտրոնը: Քանի գնում, ավելի մոտենում են համընդհանուր պատկերացում ունենալու այդ հարցի շուրջ: Կարող է՝ դեռ որոշակի տարաձայնություններ կան, բայց ես հույս ունեմ, որ այդ տարաձայնությունները շտկվելու են մինչև վերջին պահը: Բոլորի նպատակը մեկն է՝ քայլ կատարել և մերժել Սերժին»:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության բողոքի առաջիկա գործողությունը ապրիլի 9-ին է՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրը:
«Քանի որ տուն է ստացել վերջապես Սերժը Երևանում, տուն գնալու առիթ էլ կա Սերժ Սարգսյանի համար», - ասում է Արմեն Գրիգորյանը:
Վարչապետի թեկնածուի առաջադրումներն ավարտվում են ապրիլի 16-ին, իսկ հաջորդ օրը՝ ամսի 17-ին, խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կսկսի քննարկումը, ապա նաև քվեարկությունը: Իշխանական մյուս՝ Դաշնակցություն խմբակցությունը պաշտպանելու է Հանրապետականի թեկնածուին, «Ծառուկյան» դաշինքը դեռ դիրքորոշում չի հայտնել, առայժմ անորոշ է՝ արդյոք վարչապետի թեկնածու կառաջադրի ընդդիմադիր «Ելքը», որտեղ փաստորեն տարաձայնություններ կան. Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանն իրենց կուսակցություններով չեն միացել Փաշինյանի սկսած ընդվզման այս գործողություններին: