Մատչելիության հղումներ

Պուտինյան ազդեցության 50 երանգները


Այսօրվա Ռուսաստանը տանկերից, ուղղաթիռներից ու զինվորներից առավել ԿԳԲ-ի զինանոցն է գործադրում՝ բեմադրված հանրահավաքներ, կաշառված լրատվամիջոցներ, պատվիրված գրքեր, ընդդիմության դեմ հաքերային հարձակումներ ու տրոյական ձիեր, և սա դեռ ողջ ցանկը չէ՝ պնդում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բոբ Սիլլին, ով մանրազնին ուսումնասիրել է Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաների գաղտնազերծված նամակագրությունը:

Մոտ երկու տարի առաջ ուկրաինական «Կիբերխունտա» հաքերային խումբը հայտարարեց, թե «կոտրել է» նախագահ Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովի ու նրա հետ փոխկապակցված պաշտոնյաների էլեկտրոնային փոստերը և հրապարակեց հազարավոր նամակներ, որոնք, ըստ փորձագետների, Սուրկովի ընդունարանից ուղարկվել էին Արևելյան Ուկրաինայի պաշտոնյաներին ու ռուսամետ ակտիվիստներին:

Վերջերս էլ հաքերային խումբը երևան է հանել Սուրկովի տեղակալ Ինալ Արձինբայի նամակագրությունը, որից, ըստ բրիտանացի պատգամավորի, բացահայտ երևում է՝ Կրեմլը պատրաստ է հազարավոր դոլարներ վճարել այլ պետություններում հասարակական կարծիքը պառակտելու, իր նպատակներին հասնելու համար:

«Ուզում եք շրջանային կառավարությո՞ւն տապալել՝ 181 հազար դոլար, հաքերային հարձակում կազմակերպել ընդդիմադիրների դեմ՝ 100-5000 դոլար, զանգվածային հանրահավա՞ք է պետք, կաշառված լրատվամիջոցնե՞ր, խնդիր չէ՝ Ռուսաստանի նոր գործիքակազմում այս ամենն առկա է և օգտագործվում է լայնորեն», - Times-ում գրել է Բոբ Սիլլին:

2014 թվականին Կրեմլ ուղարկված նամակներից մեկում, օրինակ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսեյ Մուրատովը Սուրկովի տեղակալ Ինալ Արձինբային առաջարկել է ռուսամետների հանրահավաք կազմակերպել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում, փաստելով՝ դրա համար անհրաժեշտ կլինի մարտարվեստի տիրապետող մարզիկներ տեղափոխել, կաշառել տեղական լրատվամիջոցներին, որպեսզի լուսաբանեն և ոստիկաններին, որ «աչք փակեն» հնարավոր բռնությունների ու ապօրինությունների վրա: Խարկովում մեկ ամիս նման հանրահավաքների կազմակերպումը գնահատվել է մոտ 19 հազար դոլար:

Գաղտնազերծված մյուս նամակների համաձայն, 2015 թվականին 120 հազարից ավելի դոլար է ծախսվել տեղական ընտրություններում երեք տասնյակ կոմունիստների հաղթանակն ապահովելու համար:

Ուկրաինայում ռուսական ազդեցությունն ընդլայնելու համար մշակվել է նաև այսպես կոչված «թշնամիներին» վարկաբեկելու ընդգրկուն ծրագիր, որով նախատեսվել է ընդդիմադիրների անձնական տվյալների հավաքագրում ու էլեկտրոնային նամակների գաղտնազերծում, ինչպես նաև գրքերի հրատարակություն, որոնք ցույց կտային « Ռուսաստանի վճռորոշ նշանակությունն ու անհրաժեշտությունը Ուկրաինայի համար»: - «Ծրագրերն իրագործելու համար հեղինակները Կրեմլին առաջարկել են օգտագործել լրտեսների՝ արդեն իսկ գոյություն ունեցող ցանցը: Լրտեսները պատրաստ էին, դիմադրության առաջնորդները՝ հայտնի, գները՝ հստակ», - ամփոփում է բրիտանական Times-ը:

«Ուկրաինացի հաքերների գաղտնազերծած այս նամակներն ամենայն հավանականությամբ ուղարկվել են Կրեմլից», - փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հայտարարել է բրիտանացի պատգամավորը՝ եզրակացնելով՝ Ռուսաստանն իր ազդեցությունն ընդարձակելու համար հիսունից ավելի գործիք է օգտագործում, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայում:

«Անհավատալի մեծ թվով ապացույցներ կան, որ ռուսական քարոզչության այս թաքնված ձևերը կիրառվում են նաև Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Արևելյան Եվրոպայում», - փաստում է Բոբ Սիլլին՝ ընդգծելով․ - «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, գլուխներս ավազի մեջ թաղելու փոխարեն, որոշենք՝ ինչ մարտավարություն է Ռուսաստանը կիրառում, և քայլեր ձեռնարկենք՝ այս նենգ պատերազմում արևմտյան շահերն ու սկզբունքները պաշտպանելու համար»:

Ի դեպ, զեկույցում հիշատակվող բարձրաստիճան պաշտոնյան՝ Ինալ Արձինբան, ով, ըստ բազմաթիվ հաղորդումների, վերահսկել է հակաիշխանական ցույցերը Արևելյան Ուկրաինայի՝ ռուսների վերահսկողության տակ անցած շրջաններում, այժմ համակարգում է Կրեմլի կապերը ԱՊՀ երկրների հետ: Անցած տարի նա նշանակվել է նախագահ Պուտինի աշխատակազմի ԱՊՀ համագործակցության հարցերով վարչության ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG