Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև մարտի 30-ին տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիայի ու Իսրայելի միջև ծագած փոխադարձ քննադատությունն ու բառերի պատերազմը չի դադարում:
«Նեթանյահուն ահաբեկիչ է, իսկ Իսրայելը՝ ահաբեկիչ պետություն», - երեկ Ադանայում հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության համագումարին: - «Ես պետք է միջազգային հանրությանը պատմեմ, թե որքան դաժան է իսրայելական բանակը: Տեսեք թե ինչ է անում այդ ահաբեկչական պետությունը Գազայում և Երուսաղեմում», - հավելել է Էրդողանը՝ իսրայելական զինվորականների գործողությունները որակելով «զանգվածային սպանություններ»:
«Հեյ, Նեթանյահու, դու օկուպանտ ես, դու քեզ օկուպանտի պես ես պահում այդ հողերում: Միևնույն ժամանակ՝ ահաբեկիչ ես», - շեշտել է էրդողանը:
Իսրայելի պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հակադարձելով Թուրքիայից հնչող մեղադրանքներին, հայտարարել է, թե «ամենաբարձր բարոյական սկզբունքներն ունեցող բանակը կարիք չունի լսել բարոյական խրատներ այն մարդուց, ով առանց խտրականության ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը [Սիրիայում]»:
Իսրայելի վարչապետը այս մասին գրել է Թվիթերում: Նա նաև հավելել է՝ «թերևս Անկարան այդ կերպ ապրիլի 1-ն է տոնում»:
Էրդողանի և Նեթանյահուի միջև հեռակա լեզվակռվի պատճառը իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև Գազայի հատվածի սահմանին և Իսրայելում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներն են, որոնց հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալներով, 17 պաղեստինցի է զոհվել, վիրավորների թիվը գերազանցում է 1,400-ը: Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթի են դուրս եկել, և, ինչպես հաղորդվում է, մոտենալով իսրայելական սահմանին՝ քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել զինվորականների ուղղությամբ, ովքեր ի պատասխան գործի են դրել ծանր հրազեն:
Սրանք Գազայի հատվածում թերևս ամենաարյունալի բախումներն են 2014 թվականից ի վեր, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Պաղեստինի դեմ: Իսրայելական կողմի գնահատականներով բողոքի երթին մասնակցել է շուրջ 30 հազար պաղեստինցի՝ այդ թվում կանայք և երեխաներ:
Վերջին տարիներին պաղեստինցիների կազմակերպած այս ամենախոշոր բողոքի ակցիան կոչվում է «Վերադարձի մեծ երթ» և նվիրված է Հողի օրվան, որն ամեն տարի նշում են ի հիշատակ Գազայի հատված 6 արաբ ցուցարարների, ովքեր սպանվել են 70-ականներին հողատարածքների օտարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Պաղեստինյան կողմը պլանավորում է բողոքի ակցիաները շարունակել մինչև մայիս և ավարտել այն իսրայելական պետության ստեղծմանը նվիրված տոնակատարության հաջորդ օրը:
Վերադարձի իրավունքը մերձավորարևելյան հակամարտության ամենախնդրահարույց կետերից է. 1948 թվականին, երբ ստեղծվել է Իսրայելը, տարբեր գնահատականներով այդ տարածքը լքել է շուրջ 750 հազար պաղեստինցի, որոնցից մոտ 250 հազարը հասել է Գազայի հատված: Քանի որ պաղեստինցիները միակ ժողովուրդն են, որոնց փախստականի կարգավիճակը փոխանցվում է ժառանգաբար, ապա Գազայի հատվածում այսօր բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող շուրջ 1,2 միլիոն մարդ:
Պաղեստինին մշտապես աջակցող Թուրքիան երկու տարի առաջ թույլտվություն է ստացել մասնակցել Գազայի հատվածի վերականգնման աշխատանքներին, հումանիտար օգնություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես նաև շուրջ 200 հոգու համար նախատեսված Թուրքիա-Պաղեստին բարեկամության հիվանդանոց կառուցել: Այս պայմանավորվածությունները հաստատվել են երկու տարի առաջ, երբ վեց տարի տևած դիվանագիտական ճգնաժամից հետո Իսրայելն ու Թուրքիան ի վերջո համաձայնեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք խզվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորականների հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք:
Գազայի հատվածում վերջին օրերի բռնությունները հետաքննելու կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կիրակի օրը հանրային ռադիոյի եթերում հայտարարել է, թե որևէ հետաքննություն թույլ չի տա:
«Նման բան չի լինի, մենք հետաքննության հարցով ինչ-որ հանձնաժողովների հետ չենք համագործակցի», - ընդգծել է իսրայելական կառավարության ներկայացուցիչը: