Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ից Գյումրիում կմեկնարկի ՎԶԵԲ-ի փողոցաշինության ծրագիրը


Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ
Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ

Գյումրիի փողոցների հիմնանորոգման համար նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած 23 միլիոն եվրոն խոստումը տալուց մոտ 2,5 տարի անց տեղ է հասնում: Ապրիլի 7-ին Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տրամադրած միջոցներով Գյումրիում կմեկնարկի Կոմիտաս փողոցի շինարարությանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ՎԶԵԲ-ի միջոցներով սկզբնապես նախատեսվում էր 16 կմ երկարությամբ ճանապարհ նորոգել, սակայն ասֆալտի շերտը մի քանի սանտիմետրով նվազեցնելու շնորհիվ նորոգվելիք ճանապարհի երկարությունը կավելանա: Ըստ Բալասանյանի, մոտ 12 կմ ճանապարհ կնորոգվի միայն այս տարի, իսկ երեք տարիների ընթացքում այդ ցուցանիշը կհասնի 30 կմ-ի:

ՎԶԵԲ-ի միջոցներով նաև Գյումրիի պատմական միջուկն ընդգրկող 4 փողոց է հիմնանորոգվելու, դրանք հիմնականում սալիկապատվելու են: Ռուսաթավելի փողոցում, որտեղից էլ սկիզբ դրվեց Գյումրիի պատմական միջուկի վերակառուցմանը, խնդիրներ են առաջ եկել՝ սալիկներն են կոտրվել, նաև էլցանցն է հասցրել մալուխներ փոխել այն դեպքում, երբ ողջ կոմունիկացիոն գծերը նոր էին անցկացվել ստորգետնյա տարաբերակով: Քաղաքապետն ասում է՝ մտահոգվել պետք չէ՝ փողոցը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ:

Արդեն սկսվել է նաև Ռուսթավելի փողոցի հարակից փողոցների շինարարությունը: Մինչև դեկտեմբերի 7-ը՝ երկարաշարժի 30-րդ տարելիցի օրը, այդ փողոցները պետք է կառուցված լինեն, հստակ վերջնաժամկետ է սահմանվել: Գյումրիի պատմական միջուկում արդեն գրեթե ավարտվում է ոստիկանության նորակառույց շենքի շինարարությունը:

Տուրիստական կենտրոն դառնալու հավակնություն ունեցող պատմական միջուկում ոստիկանության շենքի առկայությունը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Շատերի կարծիքով՝ այն կխանգարի տուրիստներին: Ըստ Սամվել Բալասանյանի, ցանկանում են առնվազն պետավտոտեսչությունը տեղափոխել այլ տեղ, որ տրանսպորտային միջոցների կուտակումներ չլինեն:

Գյումրիում իրականացվելիք մի շարք այլ ներդրումային ծրագրեր էլ են մշակվել, սակայն դրանց մասին քաղաքապետն առայժմ չի խոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG