Մատչելիության հղումներ

Անկարան խստորեն զգուշացրել է Ֆրանսիային՝ Սիրիայի քրդերին աջակցելու մտադրության համար


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Նրանք, ովքեր համերաշխություն կհայտնեն ու համագործակցության մեջ կմտնեն ահաբեկչական խմբերի հետ՝ ընդդեմ Թուրքիայի, կնմանվեն ահաբեկիչների, կդառնան Թուրքիայի թիրախը»,- այսօր Թվիթերում գրել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան այդպիսի «իռացիոնալ քայլ» չի կատարի:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «Սիրիական ժողովրդավարական ուժերին» (YPG) խոստացել է Փարիզի աջակցությունը:

Մակրոնն առաջին անգամ հանդիպում է ունեցել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների հետ: Նախագահը գնահատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ նրանց պայքարը և խոստացել Փարիզի աջակցությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում կայունություն հաստատելու համար, հաղորղել է Մակրոնի գրասենյակը:

Հանդիպմանը մասնակցած սիրիական պատվիրակության անդամները «Ռոյթերզ»-ին ասել են, թե Մակրոնը խոստացել է զորք ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք, հումանիտար օգնություն ցուցաբերել և դիվանագիտական ջանքեր գործադրել:

Մարտի 29-ին, հանդիպման նույն օրը, Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Սիրիական ժողովրդավարական ուժերի» մեջ տարբեր խմբեր են մտնում, այդ թվում՝ նաև արաբներ, քրիստոնյաներ, բայց հիմնական ուժը քրդերն են: Անկարան նրանց ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Այս տարվա սկզբին թուրքական զորքերը մտել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանը: Նրանք գրավել են խոշոր քաղաքներից մեկը՝ Աֆրինը և սպառնում են շարժվել Մանբիջի ուղղությամբ որտեղ ամերիկյան ուժեր կան տեղակայված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG