Մատչելիության հղումներ

«Իմ արվեստը չի կանգնեցնի գնդակները, բայց այն ապրելու ներշնչանք է տալիս». սիրիացի արվեստագետները Նյու Յորքում ներկայացում են բեմադրել


Կինան Ազմեհը Բեյրութում՝ համերգի ժամանակ, արխիվ

Սիրիացի երկու արվեստագետներ, որ վաղուց ապրում են Նյու Յորքում, սիմվոլիկ մի ներկայացում են բեմադրել՝ ցուցադրելով Սիրիայում յոթ տարի շարունակվող պատերազմի արհավիրքները, բայց նաև ապրելու հույս հաղորդելով իրենց հայրենիքին:

Նրանցից մեկը՝ Գևորգ Մուրադը, 1915 թվականին Թուրքիայից Հալեպ փախած հայ գուսանի թոռ է: Իսկ մյուսը՝ դամասկոսցի Կինան Ազմեհի պապը սիրիական բանակի հրամանատար էր, ով զոհվել է ֆրանսիացիների հետ կռիվներում 1920 թվականին:

Նկարիչ Գևորգ Մուրադն ու կլառնետահար Կինան Ազմեհը 17 տարի առաջ հանդիպել են Նյու Յորքում, քաղաք, որը նրանք իրենց նոր տունն են համարում, որտեղ նրանք ծանոթացել են, ընկերություն են անում ու դեռ վեց տարի առաջ մտածում էին արվեստի միջոցով պատմել անճանաչելի դարձած իրենց երկրի մասին:

Նրանց համատեղ ստեղծած ներկայացումը ուղեկցվում է նկարիչ Գևորգ Մուրադի էսքիզներով, շարժվող գծանկարներով և Կինան Ազմեհի երաժշտությամբ:

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ցուցադրություններից հետո անցած երկուշաբթի այն ցուցադրվել է Բեյրութում:

Գևորգ Մուրադը ստեղծագործում, նկարում է հենց ներկայացման ժամանակ:

«Երբ ես նկարում եմ, դա մի պատմություն է դառնում, պատմություն մի ընտանիքի մասին, նավ ու նավում մարդիկ, բայց, երբ ընդարձակում եմ, այն դառնում է պատմություն շատ մարդկանց մասին, ամբողջ երկրի մասին», - ասել նա։

«Ռոյթերզ»-ի հարցազրույցում նա նշել է, որ իր նկարները խորհրդանշում են սիրիացի փախստականներին ու իր հայ նախնիների փախուստը:

Գևորգ Մուրադն ասել է, որ մտահղացումն իրականություն դարձնելու սկիզբը շատ դժվար էր, մտածում էին ինչպես անել, բայց, երբ ստացվեց, այն կարծես երկխոսություն լինի իր և Կինանի միջև:

«Կինանն ինձ երաժշտական գիծ է տալիս, ես նրան՝ նկարներ ու այդպես այն վերածվում է երկխոսության», - ասել է նա:

«Իմ արվեստն, իհարկե, չի կանգնեցնի գնդակները, չի բերի ազատ ժողովրդավարական և քաղաքացիական Սիրիա, հետ չի բերի զոհվածներին, քանդված տները չի վերականգնի, բայց կարծում եմ այն ապրելու ներշնչանք է տալիս» - ասել է Կինան Ազմերը:

Հանդիսատեսներից մեկը՝ սիրիացի Զային Մուրաբեթն, ասել է, որ շատ լավ ներկայացում է, բայց միևնույն ժամանակ և տխուր:

«Մարդիկ զգացին իրենց երկրի իրավիճակը», - ասել է նա։

XS
SM
MD
LG