Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին դեմ է ժամանակավոր բնակտարածքները բնակիչներին հանձնելու առաջարկին


Վանաձորի ավագանու նիստում, արխիվ

Վանաձորի ավագանին այսօր կայացած արտահերթ նիստում միաձայն դեմ քվեարկեց տնակների բնակիչներին սեփականության իրավունքով իրենց զբաղեցրած հողատարածքները հատկացնելու առաջարկին: Հարցն օրակարգում ընդգրկվել էր «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության ջանքերով:

Նախաձեռնության անդամները երկու ամիս շարունակ ուսումնասիրություններ են կատարել տնակային ավաններում ու հանրակացարններում, հավաքել են անհրաժեշտ թվաքանակով ստորագրություններ, հարցն ընդգրկել են ավագանու օրակարգում և հանդես եկել խնդրի լուծման առաջարկությամբ:

Նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանն ասաց՝ լուծումներից մեկը հետևյալն էր՝ բնակիչներին հատկացնել Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող չբնակեցված բնակարանները, կամ որպես բնակմակերես սեփականության իրավունքով նվիրաբերել այն տարածքները, որտեղ մարդիկ բնակվում են: Երկար քննարկումներից հետո քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև ավագանու հանրապետական անդամները, առաջարկեցին մասնագիտական հանձանժողով կազմել և ուսումնասիրել հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Այծեմնիկ Օհանյանն, իր հերթին, առաջարկեց առանձին-առանձին ուսումնասիրել տնակներում ապրողների խնդիրները: Առաջարկին համամիտ էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը, ով ողջունեց քաղաքացիական նախաձեռնությանը՝ այդ հարցը բարձրացնելու համար:

«Հասկանում ենք, որ խնդիրը շատ բարդ է, բազմակողմանի է, բոլոր կողմերից կան փաստարկներ, հիմնավորումներ, և այս հարցին մի քվեարկությամբ լուծում դժվար թե կարողանանք գտնել: Մենք ևս կողմ ենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը»,- ասաց Մարուքյանը:

«Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության 5 կետից բաղկացած առաջարկին ավագանու անդամները միաձայն դեմ քվեարկեցին, փոխարենը միաձայն կողմ քվեարկեցին մեկ այլ առաջարկի՝ խնդիրն անհատական կարգով ուսումնասիրելու համար հանձնաժողով կազմելու մասին: Այդ հանձնաժողովում կընդգրկվեն ինչպես ավագանու անդամներ, այնպես էլ մասնագետներ, բնակիչներ, նաև նախաձեռնության անդամներ:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեև քաջատեղյակ են խնդրին, բայց որոշեցին ընդառաջ գնալ նախաձեռնության առաջարկին և ստեղծել փաստահավաք խումբ: Նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանն էլ ասաց, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի նոր ստեղծվող հանձնաժողովը ձևական բնույթ չկրի:

Նիստին ներկա էին նաև քաղաքի տասնյակ բնակիչներ: Հանրակացարանի բնակիչների սպասելիքներն այդպես էլ չարդարացան: «Ազատության» հետ զրույցում նրանք ասում էին՝ հույս ունեին հստակ պատասխաններ լսել՝ երբ և ինչպես է լուծվելու իրենց խնդիրը: Նրանց կարծիքով՝ իշխանությունները հերթական անգամ «իրենց գլխի տակ փափուկ բարձ դրեցին»:

«Սանկտ Պետերբուրգ» տնակային ավանի բնակիչ Օֆիկ Եգանյանն էլ «Ազատության» հետ զրույցում, ասաց՝ շատերն են սեփական միջոցներով բնակարան գնել և հեռացել տնակային ավանից, բայց նոր բնակարան ստանալու հույսով, ժամանակ առ ժամանակ, որպես տնակային ավանի բնակիչներ, վերադառնում են:

Հենց այդ պատճառով էլ նա համամիտ է ավագանու անդամների այսօր ընդունած որոշման հետ՝ պետք է ուսումնասիրել և պարզել, թե ովքեր են իրականում ապրում տնակներում: 25 տարի շարունակ ժամանակավոր տնակում ապրող կինն ասում է՝ պատրաստ է անգամ ամեն ամիս վճարել, միայն թե իրեն մատչելի պայմաններով բնակարան տան:

Ներկայումս Վանաձորում ավելի քան 600 ընտանիք է ապրում տնակային ավաններում և հանրակացարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG