Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի օրակարգում «չկա ձևավորվելիք կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելու հարց»


«ԲՀԿ-ի օրակարգում այս պահին չկա ապրիլի վերջին ձևավորվելիք կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելու հարց», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի, բացառված չէ, որ ապրիլի 17-ից հետո ստեղծվի «համաձայնության կառավարություն»՝ նաև ԲՀԿ-ի մասնակցությամբ:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ այդ հարցով քննարկում անգամ չի եղել։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում լինի, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Ես ասում եմ այն, ինչ կա այսօր: Ես ինքս անձամբ տեղյակ չեմ, տեղեկատվություն չունեմ: Իսկ ես կարծում եմ, որպես կուսակցության գլխավոր քարտուղար, վստահաբար նման տեղեկատվություն կունենայի, որ վաղը կամ մյուս օրը նախատեսվում է նման քննարկում»:

Հաջորդ հարցին՝ եթե առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, ԲՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանեց․ - «Կարծում եմ, Դուք շատ անլուրջ կգնահատեիք, եթե ես հիմա կուսակցության անունից ասեի՝ այո կամ ոչ․․․ Այս պահին կոնկրետ մեր օրակարգում նման հարց չկա»:

Խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով ևս՝ ՀՀԿ-ում նաև ԲՀԿ-ի մասնակցությամբ «համաձայնության կառավարություն» ձևավորելու հարցով քննարկում չեն ունեցել: Բայցև նկատեց՝ «ապագայում ոչինչ չի կարող բացառել»։

Կոալիցիայի անդամ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նույնը ասաց՝ այս պահին նման օրակարգ չունեն:

«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ՀՀԿ-ի առաջնորդը որոշակի պայմանավորվածություններ ունենա, և Դաշնակցությունը տեղյակ չլինի, Համբարձումյանը պատասխանեց․ - «Կարծում եմ, քաղաքական կոռեկտությունը, գործընկերային հարաբերությունները, որ կան կոալիցիայի շրջանակներում, ենթադրում են, որ նման պայմանավորվածություններ․․․ նման բանակցություններ վարելուց առաջ յուրաքանչյուր կողմը գոնե գործընկերոջը պիտի տեղեկացնի նման մտադրության մասին»:

Ընդդիմադիր ամենամեծ խորհրդարանական խմբակցության՝ «Ծառուկյան» դաշինքի իշխանության մաս դառնալը, Համբարձումյանի կարծիքով, ոչ թե կուժեղացնի,այլ կթուլացնի իշխանությունը։

«Իշխանությունը ուժեղ է, եթե կա ուժեղ ընդդիմություն», -հայտարարեց նա՝ հավելելով, թե նախ ԲՀԿ-ն պետք է հստակեցնի, թե իրենք ինչպես են պատկերացնում իրենց քաղաքական ուղեգիծը։ - «Ենթադրում եմ, որ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը պիտի սպասի, թե ինչ առաջարկ կհնչի, այլ եթե ունեն մոտեցումներ, եթե ունեն նոր քաղաքական դիրքավորմամբ հանդես գալու խնդիր, նաև դրա մասին պիտի բարձրաձայնեն: Գոնե ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից որևէ ցանկություն այդ առումով չեմ լսել»:

Նաիրա Զոհրաբյանը բացառեց, որ իրենք կարող են հանդես գա կոալիցիայի մաս դառնալու առաջարկով․ - «Որպես Գերագույն մարմնի նորընտիր ղեկավար, կարծում եմ, պարոն Համբարձումյանը պիտի շատ ծանրաբեռնված լինի սեփական կուսակցական գործերով, և չեմ կարծում, որ պիտի գնահատականներ, տեսակետներ հնչեցնի, թե ինչ կարող ենք և ինչ պիտի անենք մենք․․․ Մեր օրակարգում նման հարց չկա»:

Վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների շուրջ քննարկումները, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը կսկսի ապրիլի 17-ին։ Կառավարությունը, ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխությունների համաձայն, կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետի մեկնարկին մնացել է ընդամենը տասը օր, և մինչև այս պահը խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականը, բացի Սերժ Սարգսյանից, այլ հնարավոր թեկնածուի անուն չի հնչեցրել:

Լինելով ընդդիմադիր խմբակցություն՝ «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ այս օրերին հայտարարում են, թե դեմ չեն լինի, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումը նաև որպես վարչապետ:

Պատգամավոր Մելիք Մանուկյանը, օրինակ, լրագրողների հետ զրույցում չի թաքցրել, որ կողմ է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Նրա կարծիքով, Սարգսյանը հրաշալի ղեկավար է:

«Ծառուկյան» դաշինքը, հիշեցնեմ, իշխող կոալիցիայի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու որոշում էր ընդունել։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք վարչապետի թեկնածության հարց չեն քննարկել։ Քննարկումը, նրա խոսքով, իմաստ կունենա այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք կողմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, և հարցին, թե արդյոք դա կարող է գերակշռող գործոն հանդիսանալ հետագա որոշման համար, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Մեկ բան կարող եմ ասել, որ մեր խմբակցությունում լինելու է միատեսակ քվեարկություն՝ անկախ նրանից, թե ով անձնական ինչ ցանկություն և ինչ մղում ունի: Կուսակցությունը բեսեդկա չէ, որ նման կարևորագույն հարցերի վերաբերյալ ով ինչպես ուզենա, քվեարկի: Նման կարևորագույն և սկզբունքային հարցի վերաբերյալ»:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը քիչ հավանական է համարում, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիոն փաստաթուղթ կստորագրվի։

«Ծառուկյան» դաշինքը, որի մեծամասնությունը ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են, այսպես թե այնպես, Բաղդասարյանի խոսքով, չի գնա արմատական քայլերի, մինչև հաջորդ ընտրություններ հանդես կգա կառուցողական ընդդիմության դիրքերից: Ուստի կոալիցիոն համագործակցությամբ այդ ուժին զսպելու խնդիր չկա։

Բայց, քաղաքական մեկնաբանի կարծիքով, Սերժ Սարգսյանին, վարչապետ դառնալու պարագայում, ձեռնտու է «լայն համագործակցության կառավարությունը»․ - «Այս առանց այն էլ լարված իրավիճակում, որովհետև հասարակության կարծիքը միանշանակ չէ Սերժ Սարգսյանի վարչապետության առումով, այս իրավիճակում Սերժ Սարգսյանը կցանկանար հնարավորինս շատ ուժերի հետ համաձայնության կառավարություն ունենալ: Ո՛չ կոալիցիա մտնել, ուղղակի հատկացվեն պաշտոնները քաղաքական այդ ուժին, քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները պաշտոնապես դուրս գան այդ ուժից, վերցնեն պաշտոնները: Էդպես հնարավոր համարում եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG