Մատչելիության հղումներ

Եվրիմաժի երևանյան նիստը «տոն էր մեր կինոաշխարհում»


Երևանում վերջերս անցկացված Եվրիմաժի՝ եվրոպական համատեղ կինոարտադրության ամենամեծ ֆոնդերից մեկի 150-րդ հոբելյանական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել Եվրիմաժի անդամ 38 երկրների ավելի քան 70 ներկայացուցիչներ՝ կինոգետներ, կինոարտադրողներ և այլն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչներ կինոգետ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանի և ռեժիսոր, «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու ջանքերով այստեղ Երևանում կայացած նիստի մի քանի օրերի ընթացքում Եվրիմաժի անդամները համատեղ կինոարտադրության 200 էջանոց 50-ից ավելի փաթեթ են քննարկել:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյան․ - «Մեծ աշխատանք տարվեց տիկին Սուսաննայի, Վրեժ Քասունու կողմից, երբ որ մենք ցանկություն հայտնեցինք, որ այս հերթական աշխատանքային ժողովը անցկացվի Հայաստանում: Տոն էր մեր կինոաշխարհում: Շատ գոհ էին մեր հյուրերը, մենք էլ էինք շատ գոհ»:

Հայաստանը Եվրիմաժին անդամակցել է 2016 թվականից և արդեն իսկ որոշակի հաջողություն է գրանցել:

«Երկու տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է ունենալ հաջողություններ: Դրանք են՝ «Ստիպակ» ֆիլմը, որ ստացել է ֆինանսավորում այդ ֆոնդից, և «Ֆաբրիկան»՝ արդեն «Շարմ» ընկերությունն է ստացել այդ ֆինանսավորումը», - փոխանցեց Շուշանիկ Միրզախանյանը:

Եվրիմաժի Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստանը մրցունակ լինի․ - «Որովհետև փորձառությունը եվրոպական պրոդյուսերների շատ մեծ է՝ և՛ տեխնիկական, և՛ բիզնես տեսակետից, և՛ սցենարի հետ կապված»:

Ցավոք, հայ-ռուսական համատեղ արտադրության Արամ Խաչատրյանի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմը երևանյան նիստում բավարար քանակությամբ ձայներ չի հավաքել և զրկվել է Եվրիմաժի կողմից որոշակի ֆինանսավորում ստանալու հնարավորությունից:

Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ չափազանց սուր մրցապայքարում ընդամենը ձայների չնչին տարբերությամբ այս ֆիլմը չի ֆինանսավորվի Եվրիմաժի կողմից, բայց այն անպայաման կնկարահանվի ռուսաստանաբնակ հայազգի անվանի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի կողմից:

Թեև «Սուսերով պարը» չի ֆինանսավորվել, Հայաստանը, այնուամենայնիվ, հաջողություն գրանցել է «Մոսկվա» կինոթատրոնի ներկայացրած փաթեթի շնորհիվ, որովհետև Եվրիմաժը ֆինանսավորում է ոչ միայն համատեղ կինոարտադրությունը, այլև կինոցուցադրությունը: Կինոթատրոնը ստացել է 15 հազար եվրոյի չափով ֆինանսավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG