Մատչելիության հղումներ

Հունաստանի պաշտպանության նախարար․ «Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են ընդհանուր սպառնալիքների»


Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Պանայոտիս Կամենոսը և Վիգեն Սարգսյանը, Երևան, 29-ը մարտի, 2018 թ․
Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Պանայոտիս Կամենոսը և Վիգեն Սարգսյանը, Երևան, 29-ը մարտի, 2018 թ․

Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների: Այսօր Երևանում նման հայտարարություն արեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Կամենոսը, մասնավորապես, ասաց․ «Հունաստանն ու Հայաստանը միշտ եղել են ու կլինեն միասին: Մենք ունենք ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատմություն, հայ ու հույն ժողովուրդների երկու մեծ ցեղասպանությունների ընդհանուր զոհեր և շարունակում ենք խնդիրներ ունենալ նույն ընկերների ու դաշնակիցների հետ»:

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հավելեց․ «Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, ինչը երկու երկրներից պահանջում է համընդհանուր մոտեցում ու փոխըմբռնում, ինչպես նաև ամուր քաղաքական կամք՝ արդյունավետորեն գործելու համար»:

Հունաստանի պաշտպանության նախարարին հարց տրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարությանը «մեծ Թուրքիա ստեղծելու» մասին․ վերջինս ասել էր․ «եթե պետք լինի, մենք կտանք մեր կյանքը, եթե պետք լինի՝ կխլենք ուրիշների կյանքը»:

Պանայոտիս Կամենոսն այսպես արձագանքեց․ «Պատմականորեն մենք եվրոպական երկիր ենք՝ միջազգային իրավունքների ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով: Մեր ցանկությունն է՝ տեսնել այնպիսի Թուրքիա, որը մոտեցել է եվրոպական արժեքներին: Սակայն վախենամ, որ նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունը և Օսմանյան մեծ կայսրություն ստեղծելու երազանքներին հասնելու որոշումները Թուրքիան հեռացնում են Եվրոպայից, միջազգային իրավունքից և միջազգային հանրությունից:

Մենք կշարունակենք Թուրքիային լավագույն կերպով բացատրել, որ խաղաղություն ենք ցանկանում, սակայն պետք է նաև հիշեցնենք Թուրքիային, որ իր պատմության շատ դրվագներում և հատկապես 1821 թվականին Հունաստանում իրենք տանուլ տվեցին»:

Օսմանյան կայսրության կազմում գտնվող Հունաստանում 1821-ին ապստամբություն ծագեց, ինչի արդյունքում Հուանստանն անկախացավ Օսմանյան կայսրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG