Մատչելիության հղումներ

ԼՂ ոստիկանությունը քննում է ՀՀ քաղաքացու հաղորդումը, Երևանում ի պաշտպանություն նրա երթ են անում


Քայլերթ՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, Երևան, 29-ը մարտի, 2018 թ․
Քայլերթ՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, Երևան, 29-ը մարտի, 2018 թ․

Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում ՀՀ քաղաքացի՝ 19-ամյա Ասյա Խաչատրյանի հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով:

Ասյա Խաչատրյանն օրերս հայտարարել էր, թե փետրվարի 1-3-ը հետապնդման է ենթարկվել Ստեփանակերտի ոստիկանների կողմից․ վերջիններս ներխուժել են իր բնակարան, առանց որևէ պատճառաբանության բերման ենթարկել բաժանմունք, այնտեղ բռնություն կիրառել իր նկատմամբ, ծաղրել կապույտ մազեր կրելու և ծխելու համար, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆելիքս Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ծառայողները բացատրություններ են ներկայացրել: Հարությունյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությամբ պարզաբանումներ են տվել նաև դեպքի ականատես քաղաքացիները։ Խաչատրյանը դեպքի առթիվ դիմել էր հայաստանյան իրավապահներին: ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց ծանուցումը ստանալուց հետո Խաչատրյանն այսօր ներկայացել է ոստիկանություն: Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

Մինչ իրավապահները քննում են միջադեպը, այսօր Երևանում մի խումբ քաղաքացիներ, ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, «Ես չեմ ծխում, բայց սա նաև իմ խնդիրն է», «Կանայք ընդդեմ ռեժիմի» և այլ գրառումներ կրող պաստառներով քայլերթ իրականացրին դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ եթե խախտվել են մարդու իրավունքները, ապա իրավապաշտպանները ևս պետք է իրենց մտահոգությունը բարձրաձայնեն։ «Շատ քննարկվեց հարցը՝ հայաստանցի, ղարաբաղցի, ինձ համար դա ընդունելի չէ։ Քննարկելի հարց չէ։ Վատ ոստիկանը վատ ոստիկան է ամեն տեղ: Շատ վատ եմ վերաբերվում, երբ սխալը չեն ընդունում։ Պետք է ընդունեն, որ այո, խնդիրներ կան նաև Արցախում, Հայաստանում և մնացած բոլոր վայրերում։ Կան պարկեշտ և ոչ պարկեշտ ոստիկաններ և դա տեղանքի հետ կապ չունի»,- ասաց իրավապաշտպանը։

Միջադեպը, որը տեղի է ունեցել Ասյա խաչատրյանի հետ, համակարգային խնդիր է, հավելում են ակցիայի մասնակիցները: «Կնատյաց հայրիշխանական դրսևորումներն են համակարգային խնդիր։ Ստացվում է, որ կինը Հայաստանում ունի որոշակի դերեր ու երբ դրանցից դուրս է արտահայտվում, ապա նա պատժվում է»։ «Հանրային տարածքում իբրև կին միշտ չէ, որ քեզ զգում ես ապահով, միշտ չէ, որ քո իրավունքները պաշտպանված են լինելու և ոտնձգությունների չես ենթարկվելու: Խնդրի մասին պետք է հնարավորինս բարձրաձայնել և հաճախ խոսել, հիշելով, որ յուրաքանչյուրի ազատությունը որևէ մեկի կողմից և հատկապես պետության կողմից երբևէ անօրինաչափ սահմանափակման չեն կարող ենթարկվել»։

Երթն ավարտվեց ԼՂ մշտական ներկայացուցչության շենքի առջև, որտեղից որևէ աշխատակից չփորձեց հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։ Վերջիններս իրենց պաստառները փակցրին շենքի դարպասներին ու հեռացան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG