Մատչելիության հղումներ

Մյուլեր. «Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը կապ է պահպանել ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ»


Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ

ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններից հաշված շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Ռիկ Գեյթսը պարբերաբար շփվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների մի նախկին աշխատակցի հետ:

Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել մարտի 28-ին, այն բանից հետոն երբ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի իշխանությունների միջև հնարավոր կապը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մի շարք փաստաթղթեր ուղարկեց դատարան:

Դրանց համաձայն՝ Թրամփի ընտրարշավի առանցքային դերակատարներից մեկը հանդիսացող Գեյթսը նախագահական ընտրությունների քվերակությանը նախորդած շաբաթներին` 2016-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից մեկի հետ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել: Մյուլերի ղեկավարած քննչական խմբի կողմից դատարան ուղարկված փաստաթղթերում Գեյթսի հետ շփումներ ունեցած անձի ինքնությունը չի գաղտնազերծվում: Այդ փաստաթղթերում նա հիշատակվում է որպես «Ա անհատ»:

The New York Times-ի տեղեկություններով, սակայն, այդ գաղտնի կոդավորման հետևում թաքնված է Ուկրաինայի քաղաքացի Կոնստանտին Կիլիմնիկը, որն, ի դեպ, դեռ 2000-ականների կեսերին աշխատում էր Ռիկ Գեյթսի և Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի ղեկավարած ընկերությունում` լոբբիստական գործունեություն ծավալելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա «Ռեգիոնների կուսակցության» համար:

Ռոբերտ Մյուլերի կողմից դատարանին ներկայացված փաստաթղթում նաև նշվում է, որ այդ «Ա անհատը», որի հետ շարունակական շփումներ է ունեցել Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը, Ռուսաստանի ռազմական հետախուզության` Զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզական Գլխավոր վարչության` ГРУ-ի նախկին աշխատակից է եղել:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Washington Post-ը և Associated Press-ը դեռ անցած տարի էին տեղեկացրել, որ Կիլիմնիկը միջնորդի դեր էր կատարում Մանաֆորթի ղեկավարած ընկերության և ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի միջև: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մանաֆորթը Կիլիմնիկին ուղղված նամակում առաջարկել էր Դերիպասկայի համար տեղեկատվական նյութեր պատրաստել, որոնցում ռուսաստանցի միլիարդատիրոջը մանրամասներ պետք ներկայացվեին ամերիկյան ընտրարշավի ընթացքի մասին:

Մյուլերի կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերին կցված են նաև Skadden Arps ընկերության նախկին փաստաբան Ալեքս վան դեր Սվանի ցուցմունքները, որոնցում նա պնդում է, թե Թրամփի օգտին աշխատող քաղտեխնոլոգների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կապի մասին ինքն իմացել է անձամբ Ռիկ Գեյթսից:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գեյթսի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ առնչություններ ունեցող անձի կապը հաստատող այս փաստական տեղեկությունները կարող են շրջադարձային դառնալ Մյուլերի ղեկավարած ողջ հետաքննության ընթացքում:

Բանն այն է, որ քննչական մարմիններին մինչ օրս չէր հաջողվում որևէ էական փաստ ներկայացնել, որով կապացուցվեր Դոնալդ Թրափի նախընտրական շտաբի ղեկավարների կապը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Ռիկ Գեյթսին, օրինակ, մեղադրում էին միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին կեղծ ցուցմունքներ տալու և խարդախության մեջ: Մոտ մեկ ամիս առաջ Գեյթսն ընդունեց իրեն ներկայացված մեղադրանքներըը` պարտավորվելով համակողմանիորեն համագործակցել Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննչական խմբի հետ:

Առավել ծանր մեղադրանքներ են առաջադրվել Գեյթսի երբեմնի վերադասին` Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին: Հատուկ դատախազ Մյուլերի խումբը պնդում է, որ Մանաֆորթը մի շարք ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել` առնվազն 30 միլիոն դոլարի լվացում, ինչպես նաև Վիկտոր Յանուկովիչի համար տարվող աշխատանքի ընթացքում չի հետևել ամերիկյան օրենսդրության պահանջներին և չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում, սակայն, Մանաֆորթը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Մանաֆորթի գործով դատավարությունը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին Վաշինգտոնում:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի վարչակազմի արձագանքին, ապա Սպիտակ տանը պնդել են, թե չեն քննարկում Փոլ Մանաֆորթին, Ռիկ Գեյթսին կամ էլ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական գեներալ Մայքլ Ֆլինին ներում շնորհելու հարցը: Այս մասին անցած գիշեր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG