Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պատասխանը գիտնականներին չի բավարարել


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին, 28-ը մարտի, 2018թ․

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովին ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ով Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրենն է, այսօր բարձրացրել է հին սարքավորումների հարցը։ Գիտնականներից մեկն ասել է, թե դրա համար գումար է հարկավոր, ինչին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ aravot.am-ի արձագանքել է՝ «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։

«Ազատության» հետ զրույցում Թոփուզյանն ասաց, որ նախագահի պատասխանը չբավարարեց իրեն: Երկու տարի է, ինչ բարձրաձայնում են, որ սարքավորումները հին են, սակայն արձագանք չկա, ինչն, ըստ նրա, ապացուցում է, որ Հայաստանում գիտության նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա․ - «Էս տիպի սարք, որը 700 հազար եվրո է, կոմիտեն ի վիճակի չի ֆինանսավորել, ակադեմիան՝ առավել ևս: Մենք ունենք ուրիշ սարքեր էլ, որոնք շատ կարևոր են քիմիայի համար, որոնց տարիքը անցած է, աշխատանքային իր հնարավորությունները ինքը ամբողջովին տվել է արդեն էդ սարքը․․․ Էսօր գոնե պատասխանի նման մի բան հնչեց, որ շատ փող մի ուզեք: Բայց բաներ կան, որ պիտի ուզենք»:

Սերժ Սարգսյանը գիտնականներին այսօր վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու․ - «Եթե այդ ծրագրերը հիմնավորված են, եթե ապացուցված է, որ այդ ծրագրերը արդիական են: Չի եղել էդպիսի ծրագիր»:

Վիգեն Թոփուզյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք ժամանակակից պահանջներին համահունչ ընթանալ, ապա նոր սարքավորման կարիք կա․ - «Մեզնից ուզում են, որ մեր տվյալները լինեն ժամանակակից պահանջներին համապատասխան, բայց քարով չես կարող «Մերսեդես» սարքել»:

Գիտնականները երկու քարի արանքում են հայտնվել. չգիտեն, աշխատող համակա՞րգը կանգնեցնեն, թե՞ գումար հայթայթեն պայմաններ ստեղծելու համար․ - «22 կազմակերպություններ ցանկանում են, օգտվում են ու պիտի օգտվեն սարքից․․․ Ցավոք սրտի, լավ չբացատրեցին երևի ինչ-որ մի բան, ինքը վերածեց պատասխանը ուրիշ բանի՝ որ եթե 21 կազմակերպություն ուզում են, կարող են միանալ, գնել: Շատ կներեք, մեր կենտրոնը ակադեմիական, Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը էդ ի՞նչ միջոցներ ունեն, որ կարող են միավորել ու 700 հազար եվրոյի սարք գնել․․․ Չունենք էդ միջոցները: Որ ունենայինք, չէինք խնդրի: Էսօր մեր կազմակերպության շատ հարցեր լուծում ենք մենք մեր միջոցների հաշվին՝ առանց ինչ-որ մեկին բողոքելու: Գիտենք, որ երկիրը էս վիճակում է, պիտի մենք էլ համակերպվենք: Բայց բան կա, որ չես կարող լռել, պիտի բարձրաձայնես՝ էդ դեպքերում պիտի Կառավարությունը անպայման օգնության գա: Խնդիրը կա արդեն երկրորդ, երրորդ տարին է: Ցավոք սրտի, հաջորդ տարի էլ պիտի մնա: Դա ինձ չի բավարարում: Մեզ պետք է, որ պայման ստեղծեք, որ քիմիկոսները աշխատեն»:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գիտությունների ազգային ակադեմիայում նաև շեշտել է, թե գիտնականները պետք է կարողանան փոքր հնարավորություններով լուրջ խնդիրներ լուծել:

Ըստ նրա, ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009 թվականներին գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG