Մատչելիության հղումներ

Հակահրդեհային տեսչությունը հետազոտություններ է անցկացնում Երևանի առևտրի մեծ կենտրոններում


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված և 64 մարդու կյանք խլած հրդեհից հետո արտակարգ իրավիճակների նախարարության Հակահրդեհային տեսչությունը հետազոտություններ է անցկացնում Երևանի առևտրի մեծ կենտրոններում։

Ըստ Տեսչության՝ նորակառույց առևտրի կենտրոնները հիմնականում պետության ներկայացրած չափանիշներին համապատասխանում են, իսկ ավելի վաղ կառուցվածները՝ օրինակ «Տաշիր» առևտրի կենտրոնը՝ ոչ։

«Առաջնահերթ ուշադրությունը մենք դարձնում ենք տարհանման ելքերի առկայությանը, հակահրդեհային պաշտպանության համակարգերի առկայությանը», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց տեսչության ներկայացուցիչը՝ բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Հայրապետյանի հետ զրույցը կայացավ «Տաշիր» առևտրի կենտրոնում, որտեղ հետազոտությունը իրականացրել էին հենց այսօր: Առևտրի կենտրոնի ամեն հարկում կարելի է հայտնաբերել ընդամենը 2 հրշեջ արկղ, դրանք էլ թաքնված խանութների հագուստի կախիչների հետևում, անտեսանելի վայրում։ - «Հակահրդեհային պաշտպանության համակարգերը չկան, չկա հրդեհի ազդանշանման, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, չկա հակածխային պաշտպանության համակարգը», - մանրամասնեց Տեսչության ներկայացուցիչը:

«Տաշիր» առևտրի կենտրոնը, որում գործում է նաև մանկական խաղահրապարակ, հակահրդեհային անվտանգության պահանջներից միայն մեկին էր լիովին համապատասխանում. կենտրոնում գլխավոր ելքից բացի կային նաև երկրոդական ելքեր։

Վերջին տարիներին կառուցված «Դալմա», «Ռիո» և «Երևան» մոլերը, ըստ վերջին օրերի ստուգումների, հիմնականում համապատասխանում են հակահրդեհային անվտանգության պահանջներին, կան արտակարգ պատահարների ելքեր, հակահրդեհային ազդանշանի և ավտոմատ հրդեհաշիջման համակարգեր։

Հայրապետյանի խոսքով՝ այնուամենայնիվ թերություններ հայտնաբերել են և տեղեկացրել առևտրի կենտրոնների ղեկավարությանը։ - «Օրինակ՝ այնտեղ կան թերություններ կապված ոչ կարևորագույն հարցերի, մասնավորապես՝ ժամկետանց կրակմարիչներ կային, որոնք պետք է նորից լիցքավորվեին, քանակությունը մի քիչ պակաս էին: Բայց տարհանման ելքերի հետ կապված և անվտանգության համակարգերի հետ կապված այնտեղ խնդիր չկար»:

«Ազատությունը» այցելեց «Ռիո» մոլ, որտեղ աշխատակիցները ցույց տվեցին վթարային ելքերը, առաստաղին տեղադրված հրդեհաշիջման համակարգի գլխիկները, հակահրդեհային արկղերը։ Սակայն, նկատեցինք, որ օրինակ առաջին հարկի ելքի դռներից մեկը կողպված էր, բացեցին միայն նկարահանման ժամանակ։

«Ռիո» մոլին շատ մոտ տեղակայված էին 2 բենզալցակայաններ, ընդ որում՝ նրանցից մեկը առևտրի կենտրոնի պատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր:

Բացի այդ, «Ռիո» մոլի խաղահրապարակի հատվածում չկար հրդեհաշիջման անձրևային համակարգ, բացատրեցին պատճառը՝ որպեսզի ջրից կարճ միացումներ չառաջանան։

Հակահրդեհային համակարգը մոլում երբևէ չի փորձարկվել, բայց վստահեցնում են՝ հաստատ աշխատում է։

Այցելեցինք «Երևան» մոլ, որի տեխնիկական գծով տնօրեն Գագիկ Մկրտչյանը ցույց տվեց կինոթատրոնի բոլոր դահլիճների վթարային ելքերը միանգամից դեպի դուրս և վստահեցրեց, որ ո՛չ վթարային ելքերը, ոչ կինոդահլիճների հիմնական մուտքը երբեք փակ չեն լինում, անգամ ֆիլմի ժամանակ։

«Դռները չեն փակվում և ներսից հագեցված են «անտիպանիկ» բռնակներով, այսինքն՝ բռնակը սեղմելով ուղղակի բացվում է», - մանրամասնեց Մկրտչյանը։

«Երևան» մոլում չկային պատերին փակցված տարհանման պլաններ, բայց ըստ տեխնիկական գծով տնօրենի՝ դրանց փոխարինում են լուսավորված սլաքները դեպի ամենամոտ ելքեր։ Բացի այդ, առևտրի կենտրոնի ընդարձակ խաղավայրը չունի ելք միանգամից դեպի շենքից դուրս, բայց ունի ելքեր դեպի մոլի այլ հատվածներ, որոնք ըստ տնօրենի, բավարար են։

Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության Բաբկեն Պիպոյանի խոսքով 2015-ին պետությունը նվազեցրել հակահրդեհային անվտանգության պահանջները մասնավոր հատվածից, քանի որ նկատել է, որ նույնը չի կարողանում ապահովել պետական հաստատություններում, ինչպես օրինակ դպրոցներում և մանկապարտեզներում։

«Եթե պետությունը կարողանար բավարար ապահովել, մասնավորից շատ կպահանջեր: Մենք էսօր մասնավորից պահանջում ենք այնքան, ինչքան պետությունը կարա տա», - նշեց Պիպոյանը ու փաստեց՝ դպրոցների հատուկ մոնիտորինգ չի իրականացրել, բայց եղել այնպիսի դպրոցում, որտեղ համապատասխան համակարգերը չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG