Մատչելիության հղումներ

Հայաստանին հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում․ ԱՄՆ դեսպանատուն


Ամերիկայի Միացյալ Նահանգների բյուջեում նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում, տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում:

Նշելով, որ այդօրինակ հրապարակումները սխալ են և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից տեղեկացնում են․ - «Որոշ դեպքերում Կոնգրեսն օգտագործում է իր լիազորությունը սահմանելու ծախսերի կոնկրետ պահանջներ, որը կոչվում է «նպատակային մասհանում»: Այս տարվա բյուջեի մասին օրենքում Կոնգրեսը կրկին օգտագործել է իր լիազորությունը և աջակցության որոշ միջոցներ նպատակային մասհանումների տեսքով հատկացվել են կոնկրետ երկրների (տարածաշրջանում նպատակային մասհանում է նախատեսվել Վրաստանի և Ուկրաինայի համար): Կոնգրեսի կողմից Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերի համար հատկացված միջոցների մնացյալ 58 միլիոն ԱՄՆ դոլարը կբաշխվի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի միջև, որոնց մասով նպատակային մասհանում Կոնգրեսը չի նախատեսել: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում»:

Նշելով, որ բյուջետային այս գործընթացում նախորդ տարիների համեմատ փոփոխություն չի կատարվել և դա այդպես է արդեն մի քանի տարի, ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է․ - «Եվրոպայի և Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում»:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ փաստացի, Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017թ. այն կազմել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար: - «Նախագահ Թրամփի կողմից այս ամիս ավելի վաղ ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, ինչը դրականորեն մատնանշում է, որ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի», - նաև տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը:

Միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր Հայաստանին հատկացրել է 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG