Մատչելիության հղումներ

Դաշնակցական գործիչը «տեղին է» համարում ՀՀԿ-ականների փաստարկները Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին


Դաշնակցության Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ-ն Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին Սերժ Սարգսյանի «անփոխարինելության» մասին ՀՀԿ-ականների շատ փաստարկներ «տեղին» են թվում։

Հանրապետականները, հիշեցնեմ, կարծում են, որ որպես ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու կարողություն ունեցող գործիչ Սերժ Սարգսյանն այսօր անփոխարինելի է։

«Գաղտնիք չէ, որ ունենք Արցախի անվտանգության հետ կապված խնդիր, գաղտնիք չէ, որ ունենք բանակցային պրոցես, երբ մյուս կողմը բանակցելի չէ: Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում կան լրջագույն զարգացումներ՝ անկանխատեսելիության էլեմենտով, գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի է ունենում կառավարման համակարգի փոփոխություն: Այս բոլորը ռիսկեր են, բոլորը մարտահրավերներ են: Եվ այս պարագայում, բնականաբար, նաև տրամաբանական են այն մոտեցումները, որ հնչեցվում են կապված փորձառության հետ, կապված լավատեղյակ լինելու հետ․․․ Այնպես որ, եթե առողջ տրամաբանությամբ մոտենանք, համոզված են, դուք էլ կանդրադառնաք, որ այդ փաստարկները շատ դեպքերում տեղին են», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Համբարձումյանը:

Կոալիցիոն հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի առաջադրման իրավունքը: Այդ իսկ պատճառով, Արսեն Համբարձումյանի ձեւակերպմամբ՝ իրենք «հարգանքով» կվերաբերեն Հանրապետականի կայացրած յուրաքանչյուր որոշմանը։

Դաշնակցական գործիչը կարծում է, որ Հայաստանում իշխանության խնդիրը լուծվել է նախորդ տարի տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով, երբ Հանրապետականը հաղթեց։

Ընդդիմադիրները այս օրերին կրկնում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին ձախողումները շատ են եղել թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում: Հիշեցնում են արտագաղթի տեմպերը, մի քանի անգամ ավելացած և 7 միլարդ դոլարի հասնող պետական պարտքը։

Դաշնակցությունը, սակայն, սխալ է համարում «կանխակալ մոտեցում ունենալը»․ - «Շեշտադրում անելով բացասականի վրա, նախկինում եղած վատ երևույթների վրա՝ կանխակալ մոտեցում ունենալ, որ ապագայում ևս դրանք շարունակություն են ունենալու, կարծում եմ, ճիշտ չէ: Ընդհակառակը, մենք պետք է կարողանանք տեսնել այն դրականը, այն լուսավորը, որ այսօր ունենք, թեկուզև շատ փոքր, և փորձենք այդ դրականը ավելացնելով, գնալ ճիշտ ճանապարհով»:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքար ծավալելը Արսեն Համբարձումյանը «կեղծ օրակարգ» է համարում։ Ասում է, թե կյանքը ցույց է տվել, որ փողոցային պայքարով Հայաստանում հնարավոր չէ արդյունքի հասնել:

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ասել էր, որ ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, մինչև նոր վարչապետի ընտրությունը ստեղծվելու է մի ժամանակահատված, որն իշխանափոխության հասնելու համար շատ նպաստավոր է լինելու:

«Կոպիտ ասած, էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու, և եթե պարզվի՝ կա ժողովուրդ, որ պատրաստ է և գնալ վերցնել էդ իշխանությունը, ինքը կգնա և կվերցնի», - հայտարարել էր Փաշինյանը:

Համբարձումյանի արձագանքը․ - «Հերթական հիասթափությունն է սպասվում այն բոլոր քաղաքական ուժերին, ովքեր փորձում են փողոցային պայքարով այս օրակարգերը առաջ տանել: Իլյիչի ժամանակները վաղուց անցել են: Լենինի հայտնի արտահայտությունը հարյուր տարի առաջ արված, կարծում եմ, Հայաստանում չաշխատող տարբերակ է․․․ Որ իշխանությունը փողոցում լցված է, պետք է գնալ ու վերցնել: Դա արվել է սրանից հարյուր տարի առաջ: Չեմ կարծում, որ մարդիկ այսօր պետք է իրենց Լենինի տեղը դնեն ու փորձեն այդ կարգախոսներով արդյունք արձանագրել»:

Օրերս տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը: Արսեն Համբարձումյանը հավաստիացրեց, որ նախարարների փոփոխության հարց այս պահին իրենց օրակարգում չկա։

Կարեն Կարապետյանի կառավարությունում կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը երեք պորտֆել ունի՝ Կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Լևոն Մկրտչյանը, Տարածքային կառավարման նախարարինը՝ Դավիթ Լոքյանը և Բնապահպանության նախարարինը՝ Արծվիկ Մինասյանը:

Մամուլում տեղեկություններ կային, թե ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը կարող է փոխվարչապետ կամ Մշակույթի նախարար դառնալ:
Այդ առնչությամբ Համբարձումյանն ասաց․ - «Այս պահին մենք նման օրակարգ չունենք: Մենք գործադիր իշխանության բարձրագույն օղակում աշխատող մեր երեք ընկերների աշխատանքից գոհ ենք, էստեղ որևէ խնդիր չենք տեսնում, հետևաբար նաև փոփոխության անհրաժեշտություն չենք տեսնում»:

Ապրիլի 9-ից հետո Հայաստանում մեկ փոխվարչապետի փոխարեն կլինեն երեքը: Հարցին, թե արդյոք այդ պաշտոններից մեկը տրվելու է Դաշնակցությանը, Համբարձումյանը պատասխանեց․ - «Կոալիցիոն համաձայնությունների արդյունքում ձևավորված խճանկարը փոխելու օրակարգ մենք այսօր չունենք»:

Անդրադառնալով նորընտիր ԳՄ-ի կազմին` Համբարձումյանը նշեց, որ այն ընտրվել է երկու տարով: Ի տարբերություն ԳՄ-ի նախորդ՝ 13 հոգանոց կազմի, նորը բաղկացած է 9 հոգուց, որոնցից 6-ը նոր անդամներ են:

ԳՄ նախկին ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը նոր կազմում չկան: Համբարձումյանի խոսքով՝ թե՛ պատգամավորները, թե՛ նախարարները որպես թեկնածու առաջադրված չեն եղել։ Ներկուսակցական խնդիր, նորընտիր ներկայացուցչի հավաստիացմամբ, չկա։

Կազմի փոփոխությունը, ըստ Արսեն Համբարձումյանի, պայմանավորված է նրանով, որ Կառավարության անդամներն ու պատգամավորները բազմազբաղ են և աշխատանքները երկու ճակատով հնարավոր չի լինում լիրաժեք կատարել․ - «Դժգոհության հետ դա պետք չէ կապել, որովհետև յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր պահանջները, իր մոտեցումները, և պիտի խնդրին նայենք ըստ այդմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG