Tier 1 կարգի վիզաները տրվում են բալային մեխանիզմով այն մարդկանց, ովքեր ունակ են աշխատել և ներդրումներ կատարել Բրիտանիայում:
Տիկին Ռադը հստակ նշել է, որ տվյալ դեպքում խոսքը 2008-15 թվականների ընթացքում Բիրտանիայում այդ վիզաներով հաստատված 700 մեծահարուստ ռուսաստանցիների մասին է: Սա ռուս-բրիտանական կապերի ծայրաստիճան վատթարացման ևս մեկ նշան է:
Մինչդեռ ռուսները խոստանում են անպայման ձեռնարկել պատասխան միջոցներ հայր և դուստր Սկրիպալների թունավորման առնչությամբ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսած յուրաքանչյուր պետության նկատմամբ:
«Կասկած չկա, մենք կպատասխանենք, դա բնականոն դիվանագիտական գործելակերպ է՝ պատասխանել հայելային սկզբունքով», - ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Լոնդոնին աջակցություն է հայտնել Բրիտանիայի հետ քաղաքական և պատմական առումով սերտորեն կապված ամբողջ անլգալեզու աշխարհը:
Ավստրալիան, որի ղեկավարն ի պաշտոնե Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն է, նույնպես միացել է հակառուսաստանյան պատժամիջոցներին և այսօր հայտնել է երկու դիվանագետի վտարելու մասին:
Ավստրալիայում Ռուսաստանի դեսպան Գրիգորի Լոգվինովը նախազգուշացնում է ծանր հետևանքների մասին․ - «Դե, եթե Արևմուտքն այսպես շարունակի, վախենամ, որ մենք կհայտնվենք Սառը պատերազմի վիճակի մեջ»:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանն առանձնապես մտահոգված չէ, քանի որ մոլորակի պետությունների գերիշխող մեծամասնությունը չի միանում հակառուսաստանյան արշավին․ այս պահին ռուսաստանցի դեսպաններին վտարելու որոշումներ 24 երկրներ են ընդունել:
«Ի դեպ, 24․․․ Քանի՞ պետություն կա աշխարհում: 24-ը մեծ թիվ չէ, աշխարհում կա ավելի քան 200 պետություն», - ասել է Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանը:
Ամերիկան 60 դիվանագետ է արտաքսում: Պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն ասել է, որ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորումը սպանության փորձ էր: Դա քիմիական զենքի գործադրում էր Եվրոպայում:
«Մենք անվերապահորեն սատարում ենք մեր դաշնակիցներին, ովքեր միջազգային իրավակարգի կողմնակից են և մերժում են զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը: Հյուսիսային Կորեան լինի, թե որևէ այլ երկիր, որը խախտում է միջազգային օրենքը՝ մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին»,- ասել է Մաթիսը:
Իսկ Մսսկվան դիվանագիտական հակագրոհի է անցնում: Այսօր Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որով բրիտանացիներին մեղադրել է... ռուսաստանցիների անվտանգությունը չապահովելու համար:
«Ալեքսանդր Լիտվինենկոն, Բադրի Պատարկացիշվիլին, Ալեքսանդր Պերեպելիչնին, Բորիս Բերեզովսկին, Նիկոլայ Գլուշկովը և հիմա էլ Սերգեյ ու Յուլիա Սկրիպալները, այդ մարդիկ Բրիտանիայում մահացել կամ հիվանդացել են կասկածելի հանգամանքներում, սակայն Լոնդոնը դրանք չի բացահայտում ու մեղքը բարդում է Մոսկվայի վրա», - ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում: