Մատչելիության հղումներ

ՀՅԴ ԳՄ նոր կազմի ընտրություններում Ռուստամյանը և Վարդանյանն առաջադրված չէին. ԳՄ նոր ներկայացուցիչ


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի կազմի ընտրություններում Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի թեկնածություններն առաջադրված չեն եղել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց կուսակցության Գերագույն մարմնի (ԳՄ) նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Նշենք, որ ՀՅԴ ԳՄ կազմը փոփոխության է ենթարկվել։ Նոր կազմում ընդգրկված չեն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը, որոնք, հիշեցնենք, ԳՄ նախորդ երկու ներկայացուցիչներն էին։

Վերջին օրերին մամուլը գրում է մասնավորապես Աղվան Վարդանյանի՝ ապրիլի 9-ից հետո ձևավորվող կառավարությունում պաշտոն ստանալու մասին։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք Աղվան Վարդանյանին կտեսնենք նոր կառավարության կազմում, դրանո՞վ է արդյոք պայմանավորված այս որոշումը, Համբարձումյանը պատասխանեց. - «Ո՛չ, դրանով պայմանավորված չէ, նման օրակարգ մենք չունենք։ Ծանոթ եմ ԶԼՄ-ներով արված հրապարակումներին, պետք է ասեմ, որ շատ հեշտությամբ եք մարդկանց նշանակում պաշտոնների և ազատում էդ պաշտոններից, չկա նման օրակարգ, և Գերագույն մարմնի կազմում գործադիր և օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչ մեր ընկերների չընտրվելը նման հանգամանքներով պայմանավորված չէ»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, նրանց ձայն չե՞ն տվել, Համբարձումյանը պատասխանեց. - «Նրանք որպես թեկնածու առաջադրված չեն եղել»։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան,
Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան:

Համբարձումյանը նշեց, որ նոր անդամներից վեցը Դաշնակցության ուսանողական երիտասարդական միության նախկին անդամներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG