Մատչելիության հղումներ

Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները բավական շատ են


Բուլղարիայում երեկ ժամեր շարունակված բանակցություններից հետո Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ:

Նախագահ էրդողանի հետ դռնփակ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հրապարակավ հայտարարեց, որ տարաձայնությունները բավական շատ են՝ Թուրքիայում մարդու իրավուքնների պաշտպանությունից մինչև թուրքական բանակի ներխուժումը Սիրիա․ - «Եթե հարցնում եք, թե արդյոք մենք կարողացել ենք ինչ-ինչ լուծումներ կամ փոխզիջումներ գտնել, կպատասխանեմ՝ ոչ: Կարող եմ միայն ասել, որ ես բարձրաձայնել եմ մեր բոլոր մտահոգությունները, իսկ այդ ցանկը, ինչպես գիտեք, բավական երկար է՝ Թուրքիայում օրենքի գեիշխանության ու խոսքի ազատության վիճակը, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում: Մենք համաձայնեցինք, որ պետք է շարունակենք երկխոսությունը՝ չնայած առկա իսկապես դժվարին հանգամանքներին, խնդիրներին ու որոշ հարցերում շահերի ու տեսակետների անհամապատասխանությանը»:

Եվրամիությունում այժմ նախագահող երկրում՝ Բուլղարիայում անցկացվող այս խորհրդաժողովից առաջ Թուրքիայի նախագահը պնդել էր, որ Բրյուսելից պահանջելու է ավարտին հասցնել վիզային ռեժիմի ազատականացումն ու ակտիվացնել անդամակցության շուրջ բանակցությունները:

«Ցավոք, Եվրամիությունն իր պարտականությունները կատարելիս ի ցույց չի դնում նույն անկեղծությունն ու չեզոքությունը, ինչ նրանք տեսնում են թուրքական կողմից», - Անկարայում հայտարարել էր Էրդողանն ընդգծելով, թե «Թուրքիան արժանի է դառնալ Եվրամիության լիիրավ ու հարգարժան անդամ»:

Դոնալդ Տուսկի արձագանքն այս պահանջներին միանշանակ էր․ - «Մեր դիրքորոշումը հստակ է՝ Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերություններում, այդ թվում՝ անդամակցության շուրջ բանակցություններում բարելավում կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան առաջընթաց արձանագրի մեզ մտահոգող հարցերում»:

Ի տարբերություն եվրոպացի դիվանագետների, Թուրքիայի առաջնորդը փորձում էր առավել լավատեսական երանգներ հաղորդել:

«Հուսով եմ, որ մենք անցյալում ենք թողել դժվարին հարաբերությունների փուլը և արդեն առաջին քայլն ենք արել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է, որը պաշտպանում է մարդու իրավունքներ ու հիմնարար ազատությունները․ - «Եվրամիությունը մեծ սխալ կանի, եթե անտեսի Թուրքիային ընդարձակման ընթացքում: Անկարան անդամակցության շուրջ բանակցություններ է վարում 1963 թվականից ի վեր, հիմա 2018-ն է, բայց մենք դեռ մնում ենք թեկնածու երկիր»:

Անդրադառնալով վիճահարույց մյուս հարցին՝ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ սկսած հարձակմանը, Թուրքիայի նախագահը կրկին պնդեց՝ Անկարան պայքարում է ահաբեկիչների դեմ և այդ պայքարը դադարեցնելու մտադրություն չունի․ - «Մեր պայքարը նպաստում է ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությանը: Եվ այսպիսի զգայուն հարցում մենք անհարկի քննադատության փոխարեն լուրջ աջակցություն ենք ակնկալում»:

Ամփոփելով բանակցությունները՝ «Ֆրանսպրեսը» փաստում է՝ ի տարբերություն Եվրամիության առաջնորդների հետ ունեցած այս կարճատև հանդիպման, Թուրքիայի նախագահը հաջորդ շաբաթ երկու օրով կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինին, որի հետ Արևմուտքի հարաբերությունները սրվում են օր-օրի:

ՆԱՏՕ-ի անդամ Անկարան արդեն հայտարարել է, որ մտադիր չէ արևմտյան դաշնակիցների պես արտաքսել ռուս դիվանագետներին:

«Թուրքիան և Ռուսաստանը դրական և լավ հարաբերություններ ունեն: Դրանից ելնելով՝ Անկարան Ռուսաստանի դեմ որևէ քայլ ձեռնարկելու հարց չի քննարկում», - հայտարարել է փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG