Ռուսաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարներ Լևոն Մկրտչյանը և Օլգա Վասիլևան հանդիպման ժամանակ կարևորել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ: Նրանք անդրադարձել են Ռուսաստանի ԿԳ նախարարի Երևան այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններին:
Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում: Ռուսական կողմն ընդգծել է նաև, որ հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:
ՀՀ ԿԳ նախարարը, իր հերթին, հետաքրքրություն է դրսևորել թերհամալրված դպրոցներում կրթության կազմակերպման ռուսական փորձի նկատմամբ, ընդգծելով, որ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցների զարգացումը ոլորտի առաջնահերթ խնդիրներից է:
Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որի ընդունումից հետո զարգացման և համագործակցության նոր հեռանկարներ են բացվում համալսարանական գիտության համար: Այս համատեքստում նա կարևորել է գիտական համատեղ կլաստերների ստեղծման հնարավորությունը, որը մեխանիզմներ կստեղծի գիտական ինստիտուտներում կրեդիտների կուտակման, ուսանողների և հետազոտողների շարժունության համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության և գիտության ոլորտում ընդլայնել համագործակցությունը՝ նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկատվության փոխանակմամբ: