Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունը


Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը ցայսօր հրաժարվում է կատարել այս հունվարին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը:

Էդվարդ Նալբանդյանը հորդորեց Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ․ - «Վերջին այսպիսի հանդիպումը, որը Կրակովում էր, երբ որ եռանախագահողների առաջարկությամբ մենք համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները, և դրա մասին հայտարարեցին եռանախագահող երկրները և Հայաստանը, և մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվում է ընդհանրապես որևէ հղում կատարել այդ ձեռք բերված պայմանավորվածությանը և հարգել, իրականացնել այդ պայմանավորվածությունը: Ոչ միայն Կրակովում․ դրանից առաջ բազմաթիվ անգամ է դա եղել»:

Հունվարի 18-ին Լեհաստանում՝ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամադյարովի հանդիպումը, որի արդյունքում, ինչպես նշված էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ:

Հունվարի վերջին լրագրողների հետ հանդիպմանը Նալբանդյանը մանրամասնեց, որ, ըստ պայմանավորվածության, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմը պետք է ավելացվի յոթ հոգով: Հենց այս թիմն է հետևում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Մեր մայրաքաղաքը՝ Երևանը, որի 2800-ամյակն ենք այս տարի նշում, ասացին, որ Ադրբեջանի պատմական տարածքն է: Կամ Հայաստանի այլ շրջանները․․․ Այն կրեատիվությունն է, որ իրենք մշտապես սպառնում են ուժ կիրառել: Միգուցե իրենք այսպիսի նոր հնարնք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից՝ ամենաբարձր մակարդակով: Ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող սկզբունքներից, հայտնի առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն», - նշեց Նալբանդյանը:

Այսօր ասուլիսում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ նաև Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը՝ նշելով, թե Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, և եթե շարունակի ընթանալ ճիշտ ուղով, ապա «օրը կգա և վիզաները կազատականացվեն»:

Ասելբոռնը մանրամասնեց, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով «ճիշտ ուղի»․ Հայաստանը բավականին ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ հավելով․ - «Իհարկե դեռևս պետք է ջանքեր գործադրվեն»:

Հիշեցնենք, Լյուքսեմբուրգը Եվրամիության հիմնադիր պետություններից է:

Ասելբոռնը լրագրողների հետ ևս մեկ անգամ շփվեց օրվա երկորդ կեսին՝ Երևանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը՝ հայտարարելով, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Եվրամիության համար:

XS
SM
MD
LG