Եվրամիությունը Բելառուսին կոչ է արել անմիջապես ազատ արձակել բոլոր ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են հանգստյան օրերին, երբ փորձում էին չարտոնված երթ անցկացնել մայրաքաղաք Մինսկում:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին այս կոչով Բելառուսի իշխանություններին դիմել է երեկ՝ ավելի քան երեք տասնյակ ակտիվիստների ձերբակալությունից մեկ օր հետո:
Ձերբակալվածների մեծ մասը ազատ են արձակվել, սակայն նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկևիչը և Վլադիմիր Նեկլյաևը շարունակում են անազատության մեջ մնալ, հաղորդում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:
Մոգերինիի խոսնակը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները «համարժեք չեն»:
1918 թվականի մարտի 25-ին Բելառուսը հայտարարել է Ռուսաստանից անկախանալու մասին: Բելառուսի Ժողովրդական Հանրապետությունը գոյատևել է մինչև 1919 թվականը:
Մարտի 25-ը Բելառուսում անվանում են «Ազատության օր», որին մեծ նշանակություն են տալիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները: Այդ օրը երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք, որպես կանոն, կասեցվում են իրավապահների կողմից: