Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ում մարդիկ հիմնականում դրական են գնահատում միությունը


Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական դրոշները, արխիվ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական դրոշները, արխիվ

Բայց ռուսները, կարծես, շատ խանդավառված չեն:

Ամենից շատ ԵԱՏՄ-ն դրական են գնահատում Ղրղըզստանում

Gallup հետազոտական կենտրոնը վերջերս անցկացրել է հարցախույզ՝ պարզելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրող մարդկանց վերաբերմունքն այդ կառույցի արդյունավետության վերաբերյալ:

ԵԱՏՄ բնակիչներն ընդհանուր հաշվով դրական են գնահատել միության գոյությունը: Հարցվածների 30 տոկոսի կարծիքով՝ միությունը «շահավետ» է, 22 տոկոսի համոզմամբ՝ «վնասակար»:

2015 թվականին ստեղծված միությանն անդամակցել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը: Հենց Ղրղըզստանում նախևառաջ ողջունում են կառույցի աշխատանքը. հարցվածների 57 տոկոսի համոզմամբ՝ Ղրղըզստանը շահել է անդամակցումից, 10 տոկոսը ենթադրում է, որ անդամակցումը «վնասակար» է, իսկ 21 տոկոսը՝ չի կողմնորոշվել:

Դրական գնահատականի առումով երկրորդ տեղում Բելառուսն է, որտեղ հարցվածների 51 տոկոսը ողջունում է ԵԱՏՄ-ի գոյությունը, 11 տոկոսն այն «վնասակար» է համարում, 20 տոկոսը կարծիք չունի:

Երրորդ տեղում Ղազախստանն է։ Այդ հանրապետությունում 42 տոկոսն է գոհ ԵԱՏՄ-ի գոյությունից, 12 տոկոսը դժգոհ է, 30 տոկոսը չի կողմնորոշվել:

Հայաստանում դրական վերաբերմունքի շեշտակի աճ

ԵԱՏՄ-ի «հայր հիմնադիրներն» են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Հայաստանը և Ղրղըզստանն ավելի ուշ են անդամակցել կառույցին:

Հայաստանում հարցվածների 42 տոկոսն է դրական գնահատում ԵԱՏՄ-ն, 17 տոկոսը՝ բացասական, 30 տոկոսը կարծիք չունի:

Ըստ Gallup-ի, Հայաստանում լուրջ տեղաշարժ է դեպի դրական գնահատական: 2015-ին անդամակցումը ԵԱՏՄ-ին դրական է գնահատել հարցվածների 20 տոկոսը, 2017-ին՝ 42, ինչը, փաստորեն, նշանակում է դրական գնահատականի ավելի քան 100 տոկոսով աճ:

Ռուսաստանում դրական և բացասական գնահատականների թիվը գրեթե հավասար է

Մինչդեռ, նախկին խորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների առաջամարտիկ Ռուսաստանում գոհ և դժգոհ մարդկանց համամասնությունը գրեթե հավասար է:

Հարցվածների 25 տոկոսի կարծիքով, Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն օգտակար է, 24 տոկոսի կարծիքով՝ վնասակար: Չկողմնորոշվածների առումով Ռուսաստանն առաջին տեղում է՝ հարցվածների 45 տոկոսը չի կարող ասել՝ ԵԱՏՄ-ն ռուսներին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ:

«Ճտերին աշնանն են հաշվում»

Այս օրերին Երևանում է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ով «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է ԵԱՏՄ-ի թեման:

Զատուլինը նախ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ ասելով, որ անցյալ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 44 տոկոսով:

Ըստ Զատուլինի, 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանից Հայաստան այցելողների թիվը, քանի որ ռուսաստանցիները կարող են այլևս ներքին անձնագրերով մեկնել Հայաստան:

Նրա համոզմամբ, ԵԱՏՄ-ն դեռ ամբողջ թափով չի գործում, բայց հեռանկարը խիստ դրական է, քանի որ «ճտերին աշնանն են հաշվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG