Ըստ Իսրայելի ռազմական հետախուզության կայքի՝ Debkafile-ի տեղեկատվության՝ Միացյալ Նահանգները ցանկանում է դուրս գալ Թուրքիայի «Ինջիրլիք» և Կատարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազաներից, դրանց փոխարեն տեղափոխվել Սաուդյան Արաբիա և Արևելյան Եվրոպա: Ավելի վաղ «Ինջիլիք»-ից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրության մասին գրել էր «The Wall Street Journal»-ը, նշելով որ «Ինջիրլիք»-ից արդեն դուրս են բերվել հարվածային կործանիչներն, ու կրճատվում է ամերիկացի զինծառայողների քանակը:
ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը երեկ երեկոյան հերքել է այդ լուրերը:
«ԱՄՆ-ը դուրս չի գալիս ոչ Թուրքիայի «Ինջիրլիք», ոչ Կատարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազաներից: Այդ լուրերը կեղծ են և հիմնազուրկ», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է կենտրոնական հրամանատարությունը:
Նույն օրը հերքումով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի կայքը՝ US AFCENT և իր միկրոբլոգում մեկնաբանել, թե անվտանգության ընդհանուր խնդիրները համատեղ լուծելու փուլում նման անօգուտ լուրերը տարածաշրջանի դաշնակիցների միջև անվստահություն և բաժանում են սերմանում:
Թեև Պենտագոնը կտրականապես հերքում է «Ինջիրլիք»-ից հրաժարվելու մտադրությունը, բայց հաստատել է, որ օդուժի մի մասը դուրս է բերվել: Պենտագոնը պարզաբանել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ ամերիկյան օդուժի գործողությունները որոշ չափով կրճատվել են, և օդուժի մի մասը ուղղվել է Աֆղանստան՝ ակտիվացնելու թալիբ զինյալների դեմ գործողությունները:
Իսրայելի ռազմական հետախուզության կայքի տեղեկատվության համաձայն՝ Կատարի ավիաբազայից Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հարցը հաստատվել է մարտի 20-ին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին-Սալմանի հանդիպմանը: Ռազմական ոլորտի աղբյուրները Իսրայելի ռազմական հետախուզության կայքին նաև ասել են, որ չնայած կրկնողաբար հերքումներին, Թրամփի վարչակազմը իրականացնում է տարածաշրջանում ամենամեծ ավիաբազայից՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիք»-ից դուրս գալու ծրագիրը և որ այդ երկու քայլերը փոխկապակվցած են:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը դարձել է ԿԱտարի էմիրի ուժեղ աջակիցը: Անկարան Կատարում ռազմակայան է հիմնել ու զորախումբ տեղակայել: Իսկ Կատարը Սաուդյան Արաբիայի հակառակորդն է:
Անցած ամռանը արաբական մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և Իրանին մերձենալու համար: ԱՄՆ-ը որոշել է կանգնել իր դաշնակից Սաուդյան Արաբիայի թիկունքին, և ըստ կայքի՝ Թրամփի վարչակազմը որոշել է Կատարից հանել իր օդուժը և այն տեղափոխել Սաուդյան Արաբիա՝ Էր Ռիյադից 77 կիլոմետր հարավ ընկած Ալ-Խարջի ավիաբազա:
15 տարի առաջ այս ավիաբազան ամերիկյան ամենամեծ ռազմակայանն էր տարածաշրջանում, այստեղ տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում էր 60 հազարի: 2003 թվականին, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք ու գրավեց Բաղդադը, Սաուդյան Արաբիան պնդեց, որ ամերիկացիները դուրս գան իր ավիաբազայից, իսկ հիմա նրանք վերադառնում են:
Իսրայելական տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի «Ինջիրլիք»-ից ամերիկացիների դուրս գալը ընթացքի մեջ է, օդուժի մի մասն արդեն տեղափոխվել է Արևելյան Եվրոպա: Պենտագոնը «Ինջիրլիք»-ի փոխարեն դիտարկում է Հունաստանի հարավում գտնվող Անդրավիդա ավիաբազան օգտագործելու հնարավորությունը:
Իսրայելի ռազմական հետախուզության կայքը նշում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան երկու խոշոր ավիաբազաների վերատեղակայումը կցնցի ամբողջ տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Ամերիկացի զինծառայողները պաշտպանության տակ կառնեն Սաուդյան թագավորության, որը նաև հստակ մեսիջ կլինի Էր Ռիյադի հակառակորդ Իրանին:
Այս լուրերի և հերքումների ֆոնին, Ռուսաստանում փորձագիտական մակարդակով մեկնաբանություններ են արվում, թե Վաշինգտոն-Անկարա լարված հարաբերությունները Մոսկվայի համար հնարավորությունների պատուհան է, որից անհրաժեշտ է արագորեն օգտվել:
Նաև հիշեցնենք, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցության ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր է գնում: Մի քանի միլիարդ դոլարի խոշոր գործարքի փաստաթղթային ձևակերպումները ամբողջովին ավարտվել են, հրթիռների մատակարարումը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու տարիների ընթացքում: