Մատչելիության հղումներ

Ժնևում մեկնարկում է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցով բանակցությունների հերթական փուլը


Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուա, արխիվ
Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուա, արխիվ

Այսօր Ժնևում կմեկնարկի Հարավային Օսիայում և Աբխազիայում տիրող կացությանը նվիրված բազմակողմ բանակցությունների հերթական՝ 43-րդ փուլը: Բանակցային այս փուլի գլխավոր ինտրիգը մեկն է` արդյո՞ք կողմերը կհամաձայնեն համատեղ հայտարարություն ընդունել, որով կպարտավորվեն զերծ մնալ հակամարտության գոտիներում ուժի կիրառումից:

«Ռուսաստանը պետք է հստակ պարտավորություն ստանձնի, որ կատարելու է 2008 թվականին ստորագրված համաձայնագրի դրույթները և Վրաստանի դեմ ուժ չի կիրառելու: Մինչ օրս այդ համաձայնագիրն ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այդ պայմանագրի վեցերորդ կետով, օրինակ, սահմանվում էր, որ գրավյալ տարածքներում պետք է միջազգային անվտանգության մեխանիզմները ստեղծվեն, ինչը մինչ օրս չի կատարվել», - Ժնև մեկնելուց առաջ հայտարարում էր Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան:

Նշենք, ի դեպ, որ վրացական պատվիրակության ղեկավարը Շվեյցարիա մեկնելուց առաջ հանդիպել էր խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ: Եթե իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները բավական լավատեսորեն էին տրամադրված, ապա ընդդիմությունը վստահ է` բանակցությունների ժնևյան ֆորմատը պաշտոնական Մոսկվան օգտագործում է իրեն ոչ թե որպես հակամարտության մասնակից, այլ անկողմնակալ միջնորդ ներկայացնելու նպատակով:

«Խորհրդարանական փոքրամասնության հետ այս հանդիպման ընթացքում արտաքին գործերի փոխնախարարը մեզ փաստորեն պատմում էր, թե ինչպես է վրացական կողմը փորձում բանակցություններում արձանագրված հաջողության պատրանք ստեղծել: Իրականում, ամենակարևորը թույլ չտալն է, որպեսզի Ռուսաստանը իրեն հակամարտության կողմի փոխարեն ներկայացնի որպես միջնորդ», - նշում էր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Գիորգի Կանդելակին:

Վերջում հիշեցնենք, որ բանակցությունների ժնևյան ձևաչափը ստեղծվեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո: Բանակցությունները ընթանում են Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի համանախագահությամբ, դրանց մասնակցում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Վրաստանի դիվանագետները, ինչպես նաև հակամարտության առարկա հանդիսացող երկու ինքնահռչակ հանրապետությունների` Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG